Ադրբեջանական կողմը պատրաստ է ապահովել Եվրոպայի լիգայի շրջանակներում այդ երկիր «Գաբալա» ակումբի հետ խաղ անցկացնելու նպատակով ժամանող «Բորուսիա» ֆուտբոլական ակումբի բոլոր ֆուտբոլիստների անվտանգությունը: Այս հայտարարությունն, ըստ Interfax.az-ի, արել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:
«Երբ միջազգային մրցաշարերի շրջանակներում այդ հարցը բարձրացվել է, Ադրբեջանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ մենք անվտանգության ապահովման հարցին լուրջ ենք վերաբերվում: Իսկ եթե որեւէ ակումբ, ինչ-որ պատճառներով չի բերում այս կամ այն մարզիկին, դա մեր գործը չէ»,- նշել է Ռահիմովը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ այս միջազգային սպորտային ֆեդերացիաների եւ կազմակերպությունների հետ մրցաշարերի ընթացքում մարզիկների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրեր է ստորագրել:
«Ինչպես հայտնի է, երբ Ադրբեջանում առաջին անգամ անցկացվում էր ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, Բաքու ժամանեց Հայաստանի հավաքականը: Մենք մեր երկրի կողմից անվտանգության բոլոր երաշխիքները տվեցինք»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ադրբեջանի սպորտի նախարարը նաեւ հիշեցրել է, որ ինքը ձյուդոյի միջազգային մրցաշարի ընթացքում անձամբ եկել էր Երեւան. «Այսինքն` սպորտի ոլորտում, երկկողմանի անվտանգության ապահովման հարցը լուծված է»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ