Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «ՀՀԿ-ի ներսում առաջանալու են շատ լուրջ բարդություններ»

Հոկտեմբեր 21,2015 13:35

«Ի տարբերություն մյուս ուժերի՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բառացիորեն միայն ու միայն գաղափարական տեսանկյունից է, որ դեմ է այս ներկայացված բարեփոխումներին»,- հոկտեմբերի 21-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Ըստ նրա՝ շատ վտանգավոր դրույթներ կան սահմանադրական փոփոխություններում, առաջին հերթին՝ չի պարզվել, թե ինչ է նշանակում առնվազն 101 պատգամավոր, որովհետեւ այդ պարագայում նա համարում է, որ պատգամավորների թիվը կարելի է դարձնել 151:

«Անհասկանալի է, թե ինչ ռեյտինգային քվեարկություն է լինելու, որը նախատեսվում է շրջաններում: Ես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցության ներսում առաջանալու են շատ լուրջ բարդություններ, որովհետեւ նրանց առաջարկում են 41 տեղի փոխարեն, որը որ կա ժամանակին, հիմա ստացվում է, որ պետք է գնան ռեյտինգային քվեարկության, որտեղ ամեն մի կուսակցություն երեքական ներկայացուցիչ պետք է ունենա, պատկերացրեք, որ իրենք իրար մեջ ուղղակի պետք է պայքարեն, որ ավելի շատ փող ծախսեն, որ կարողանան իրենք հաղթել: Դա է սկզբունքը, երեւի»:

Արամ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում երեխայի կարծիքի ազատ արտահայտում. «Ո՞ր երեխայի՝ 3 տարեկա՞ն, 10 տարեկա՞ն, 15 տարեկա՞ն, այդ կարծիքի հետ ի՞նչ պետք է արվի, այսինքն՝ դա հիմք է յուվենալ արդարադատության համար օրենք ընդունելու: Մենք բառը փորձում ենք գենդերի հետ կապված, եւ համոզված ենք, որ կառավարությունը նորից ֆինանսական տրանշ է ստանալու, դրա մասին բացահայտ ասվեց եւ այդպիսի մի վտանգի առաջ ենք կանգնելու»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ասաց, որ անհասկանալի չէ 101 պատգամավորի դրույթը, որովհետեւ նշված է առնվազն 101 պատգամավոր. «Եվ եթե ընտրական օրենսգիրքը կնախատեսի հնարավոր երկրորդ փուլի գաղափարը, սրանք բոլորը մնում են ընտրական օրենսգրքին, թերեւս այդ մասին որեւէ խոսք Սահմանադրությունում չկա: Եթե ընտրական օրենսգիրքը կնախատեսի երկրորդ փուլ, որը կնախատեսի պատգամավորների թվի աճ, ապա այդ դեպքի համար գրված է առնվազն 101 պատգամավոր: Եթե ընտրական օրենսգիրքը չի նախատեսի, ապա այդ դեպքի համար խոսքը 101 պատգամավորի մասին է եւ այստեղ անհասկանալի ոչինչ չկա»:

Նա նկատեց, որ ռեյտինգային քվեարկության մասին ընդամենը տեսական դատողություններ են եղել: Ըստ Շիրակ Թորոսյանի՝ դեռ վաղ է խոսել ռեյտինգային քվեարկության մասին, քանի որ այդ խնդիրը կարող է քննարկվել ընտրական օրենսգրքում. «Քանի որ նոր Սահմանադրության նախագիծը ենթադրում է 100 տոկոս համամասնական ընտրակարգ՝ վերացնելով մեծամասնական ընտրակարգը, այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ հիմունքներով պետք է ցուցակները կազմվեն, ինչպե՞ս պետք է ընտրվեն արժանավորները արժանավորներից: Հետեւաբար՝ տարբերակներից մեկն է, տեսական մակարդակի քննարկում է եւ դեռեւս գոյություն չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031