Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգիս Հարությունյան. «Թող ապացուցեն, որ վերարտադրման խնդիր չունեն»

Հոկտեմբեր 21,2015 12:51

«Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու իրենց կուսակցության դիրքորոշումն այսօր նորից հիմնավորեց փոփոխությունը նախաձեռնած իշխանության նկատմամբ ունեցած անվստահությամբ:

«Կողմ ենք իշխանությունների հավասարակշռմանը, արդարության վերականգնմանը, բայց տվյալ պարագայում՝ դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ չունենք վստահություն ընտրական գործընթացների , սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած իշխանության նկատմամբ: Դրա համար ասում ենք՝ ոչ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Սարգիս Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենք չեն մտնում սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ, որովհետեւ կառավարման այս մոդելը, գործող սահմանադրությունը չի արգելում, որ մարդիկ ավելի լավ ապրեն, իրավահավասարություն լինի, մենաշնորհներ չլինեն. «Սահմանադրական փոփոխությունների համար պետք է հասարակական պահանջ լինի, իսկ հասարակական պահանջ չկա»:

Հարցին, թե ինչպես եք վերաբերում ոչ-ի անջատ խմբերին, ասաց. «Այո-ների մեջ ինչո՞ւ ման չեք գալիս, ման եք գալիս միայն ոչ-երի մեջ: Կոնկրետ խմբեր, կուսակցություններ են, մեր աջակցությունը հայտնելու ենք այդ խմբերին, որովհետեւ մենք ոչ ենք ու խնդրում եմ, տարանջատումներ մի մտցրեք»:

Դիտարկմանը, թե ինչպես եք աջակցելու Ժիրայր Սեֆիլյանի՝ «Ոչ-ի» նախաձեռնությանը, եթե ինքը հայտարարել է, որ «մարտի 1-ին» մեղսակցություն ունեցող Տիգրան Ուրիխանյանի հետ չի համագործակցի, պարոն Հարությունյանը շարունակեց. «Պրովոկացիոն հայտարարություններին, թեզերին չեմ ուզում պատասխանել: Հասարակությունը գիտի՝ ով է Ուրիխանյան Տիգրանը ու ինչ ներդրում ունի քաղաքական գործընթացներում»:

Նա չցանկացավ անդրադառնալ նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նոր կուսակցություն բացելու հայտարարությանը, ասաց. «Մի անգամ հայտարարություն արեց, որովհետեւ քաղաքական ուժը նախ գաղափարախոսություն պետք է ներկայացնի, կառավարման մոդել, ծրագիր, երբ օրենքով սահմանված կարգով հայտ ներկայացնի, այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Պարոն Հարությունյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է արտահայտվելու սահմանադրական փոփոխություններին. «Ասել ենք արդեն՝ այո վերարտադրման խնդիր ենք տեսնում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ, թող ապացուցեն, որ վերարտադրման խնդիր չունեն»:

Իսկ առաջիկայում «Ալյանսը» Վանաձորում հանրահավաք կկազմակերպի քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի նպատակով :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031