Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն առանց կոալիցիայի ուներ այնքան ձայն, որ կարող էր կառավարել ամբողջությամբ»․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2015 12:43

«Նմանատիպ քաղաքական գործընթացն իր մեջ ներառում է շատ կարեւորագույն երեք  հանգամանք՝ բացի նրանից, թե ինչ ենք փոխում, պիտի հասկանանք՝ ինչու ենք փոխում եւ ժամանակն է արդյոք այդ ամենն անելո՞ւ, թե՞ ոչ»,- հոկտեմբերի 21-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա նշեց, որ 2014 թվականին Մոլդովայում ելույթ էր ունենում այժմ ձերբակալված նախկին վարչապետը, եւ հայտարարում էր, որ 2010 թվականին ընդունված խորհրդարանական կառավարման ձեւը շատ վատն է, որովհետեւ երկիրն ունի երեք գլուխ, որոնցից ոչ մեկը ուղղակի պատասխանատվություն չի կրում, եւ երկրում ստեղծվել է կադրային եւ քաղաքական ոչ ներդաշնակ միջավայր: Այսինքն՝ ստեղծել է մի իրավիճակ, որը Մոլդովային հետ է տանում:

Արամ Կարապետյանը ընդգծեց, որ նախկին վարչապետը կոչ էր անում նաեւ անցնել նախագահական կառավարման համակարգին. «Այսինքն՝ մեր աչքի առաջ ԱՊՀ երկրներից մեկում 14 տարվա կառավարումից հետո, հիմա էլ միտինգների միջոցով ժողովուրդը ուզում է նախագահի ուղղակի ընտրություն, ցանկանում է ունենալ մեկ նախագահ, տալ նրան առաջնային մանդատ, որպեսզի նա հանդիսանա կառավարման համակարգի մեջ իշխանության գործադիր մարմնի ղեկավար եւ նրանից պահանջի: 2014 թվականի վերջում դա տեղի չունեցավ գերմանացիների ճնշման արդյունքում, 2015-ին ձերբակալվեց 1 միլիարդ եվրո գողության համար»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ Արամ Կարապետյանը խոսում է մի մարդու մասին, որը գող եւ ավազակ է, եւ նրա մտորումները արժանի չեն լուրջ վերաբերմունքի. «Նա ուզում էր, որ իշխանությունը բաժանված չլիներ թեւերի, ինքը լիներ նախագահ եւ ինչքան էլ թալաներ՝ այսօր չէր բռնվի: Ինչո՞ւ չենք այսպես մտածում, երբ գործ ունենք սուբյեկտի հետ, որն ապացուցել է, որ ինքը թալանչի է»:

Նա նշեց, որ հասկանալու համար, թե ինչպես պետք է անել սահմանադրական փոփոխությունները, պետք է նախ եւ առաջ հասկանալ, թե ինչ ենք ուզում. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը սկզբում նախագահական կառավարում ուներ, կիսանախագահական եւ հանրության զգալի մասը դժգոհություններ ուներ նախեւառաջ նրանից, որ կոլեգիալ որոշումների հնարավորություններն ավելի քիչ են, սուբյեկտիվ մոտեցումներն ավելի գերազանց են: Այս կառավարման համակարգը նորություն չէ, եւ աշխարհի շատ երկրներում կիրառվում է եւ հնարավորություն է տալիս Ազգային ժողովին, կուսակցություններին կառավարման ամբողջ համակարգում լուրջ դերակատարում ունենալ եւ երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների համար ոչ թե սուբյեկտի կողմից որոշումներ ընդունել, այլ քննարկումների եւ կոլեգիալ որոշումների միջոցով»:

Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունն առանց կոալիցիայի ուներ այնքան ձայն, որ կարող էր կառավարել ամբողջությամբ. «Բայց բարի կամք է դրսեւորվել եւ դրսեւորվում այսուհետեւ եւս, որ բոլոր այն ուժերը, որոնք համատեղեն կաշխատեն իշխանական կուսակցության հետ, դռները բաց են եւ հնարավորություն կա աշխատելու: Եթե որեւէ ժամանակ, ինչ-ինչ պատճառներով մարդիկ դուրս են գալիս, դա իրենց իրավունքն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031