Լրահոս
Օրվա լրահոսը

Անհեռատես է թվում «հանրաքվեի տապալում-իշխանափոխություն» «բանաձեւը». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 21,2015 12:23

Բավական խոցելի է հանրաքվեի տապալում-իշխանափոխություն շաղկապումը:
Սկզբի համար արժե թեթեւակի հիշեցնել, որ սահմանադրության փոփոխությունն իշխանության նախաձեռնությունն է: Իսկ դրանից ամենաքիչը հետեւում է, որ նախաձեռնության հեղինակը հաստատ մտածած ու հաշվարկած կլինի իր այդ քայլի բոլոր հնարավոր հետեւանքները: Այդ թվում՝ փոփոխությունների նախագծի՝ հանրաքվեով ավելի շատ «ոչ», քան «այո» ձայներ ստանալու տարբերակը:

Մյուս կողմից՝ ընդամենը հանրաքվեի է դրվելու սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Այսինքն՝ քաղաքական տեսանկյունից սա ամենեւին էլ իշխանության վստահություն կամ անվստահություն հայտնել չէ:

Բայց հաշվարկները դեռ իրենց հերթին: Մեր քաղաքական կյանքում կամ արդեն կարելի է ասել մոտակա պատմության ընթացքում նման մի բան տեղի է ունեցել: Հիշեցնենք. 2003 թվականին, ԱԺ ընտրություններին զուգահեռ, հանրաքվեի դրվեց սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որ նմանապես այն ժամանակվա իշխանությունների նախաձեռնությունն էր: Այդ ընտրություններում, ի դեպ, իշխանական կամ իշխանամետ ուժերը ավելի շատ ձայներ ստացան, քան ընդդիմադիրները:

Իսկ սահմանադրության նախագիծը հանրաքվեով չանցավ: Այսօրվա «ոչ»-ականների բառամթերքով ասած՝ հանրաքվեն տապալվեց: Այո, բայց ոչ մի իշխանափոխություն էլ դրան չհաջորդեց, ո՛չ կամովին, ո՛չ էլ, այսպես ասենք՝ ընդդիմության ճնշման ներքո: Սա այն դեպքում, երբ այն ժամանակվա ընդդիմադիրներն անհամեմատ ավելի մեծ ռեսուրսների էին տիրապետում:

Զուտ քաղաքական հաշվարկի տեսանկյունից մեզ միանգամայն անհեռատես է թվում «հանրաքվեի տապալում-իշխանափոխություն»՝ «ոչ»-ականների առաջադրած «բանաձեւը»: Տրամաբանորեն, եթե նրանք «հանրաքվեի տապալումը» համարում են նաեւ անվստահություն իշխանության նկատմամբ, ապա փոփոխությունների նախագծի ավելի շատ «այո» քվե ստանալն էլ պետք է ընդունեն որպես իշխանությանը լրացուցիչ վստահության արտահայտություն:

Բայց գործնականում, երբ համեմատում ես «այո»-ի դիրքերում գտնվող ուժերի (թվարկենք առավել ազդեցիկները՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ) ու «ոչ»-ականների հնարավորությունները, ապա «այո»-ի հավանականությունը շատ ավելի մեծ է: Իսկ նման պայմաններում «ոչ»-ականներից առավել արմատականների առաջադրած զուգահեռումը կարող է ավելի շատ իրենց վնասել՝ հետագա քաղաքական գործունեության ընթացքում:

Ամփոփենք. հանրաքվեի եւ իշխանափոխության զուգահեռումը, ինչի կողմնակիցն են առավել նկատելի «ոչ»-ականները, երեւակվում է որպես անարդյունավետ ու անհեռատես քայլ: Խորքում այս զուգահեռումն աղերսվում է նաեւ նույն «ոչ»-ականների ամենից հաճախ արծարծվող «իշխանությունների վերարտադրության» թեզին, որը, կարելի է ասել, քիչ թե շատ գեղեցիկ հորինված առասպել է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031