ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով 2016 թվականի բյուջեի նախագծին, նշել է հետեւյալը. «Մարդիկ պետք է շատ աշխատեն, որովհետեւ աշխարհում չկա մի երկիր, որտեդ գնաճ չլինի, այդպիսի բան չկա։ Նրանք, ովքեր շատ են աշխատում իրենց աշխատավարձը բարձրացնում են, իսկ ովքեր, որ շատ չեն աշխատում՝ չի բարձրանում։ Հետեւաբար՝ գնաճի պատճառով, այդ գնաճի չափով պետք է վատ ապրեն՝ կա՛մ սեղմեն իրենց ծախսերը, կա՛մ չգիտեմ՝ ինչ անեն, իսկ ովքեր որ շատ աշխատավարձ են ստանում, կշարունակեն լավ ապրելը»։
Բայց ասեք, որ հզոր իմաստուն է Հակոբ Հակոբյանը։ Ամբոդջ աշխարհում գիտեն, որ շատ աշխատողը շատ պետք է ստանա, քիչ աշխատոդը՝ քիչ։ Բայց նա այնպիսի տոնով է ասում, կարծես մերօրյա Ադամ Սմիթն է. գյուտ է արել։ Վաղն էլ կարող է ասել, որ եթե արեւը երկնքում է, ուրեմն, մարդիկ պետք է տաքանան, իսկ եթե ձյուն է գալիս՝ մրսեն։
Բայց հարցը դա չէ. հանձնաժողովի նախագահը իր այդ գյուտն անելուց հետո հետաքրքիր բան է ասում. «կա՛մ չգիտեմ՝ ինչ անեն»։ Խնդիրն էլ հենց դա է։ Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում ծանր սոցիալական պայմաններում են ապրում, ու ոչ թե նրա համար, որ քիչ են աշխատում, այլ՝ որ աշխատելու պայմաններ չկան։ Հազարավոր քաղաքացիներ, եթե չենք սխալվում, Հայաստանում պաշտոնապես գրանցված է 80 հազ. գործազուրկ, աշխատանք չունեն, ոչ թե նրա համար, որ չեն ցանկանում աշխատել, այլ՝ որ Հակոբ Հակոբյանը չգիտի, թե ինչ անեն։ Այդ գործազուրկների մեջ բազմաթիվ ինժեներներ կան, ուսուցիչներ, բուհերը նոր ավարտած երիտասարդներ։ Նրանք տհա՞ս են, մտավոր պրոբլեմներ ունե՞ն, չե՞ն հասկանում, որ վաստակելու համար պետք է աշխատել։
Գնացեք, այդ գործազուրկներին հարցրեք, թե ինչու չեն աշխատում։ Տեսնենք, որեւէ մեկը կասի, որ հավես չունի:
Կարդացեք նաև
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»թերթի այսօրվա համարում