Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին». Medialab.am

Հոկտեմբեր 21,2015 10:47

Երբ հայաստանյան մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում այն ծնողների մասին, որոնք նախընտրում են մանկատուն հանձնել հաշմանդամություն ունեցող իրենց նորածիններին, սովորաբար սոցիալական ցանցերում մարդիկ սկսում են անխնա քննադատել նրանց՝ իրենց զավակներին կյանքի հենց առաջին օրերից լքելու համար։

Ու չնայած նման ծնողների նկատմամբ այս մերժողական, դատապարտող վերաբերմունքին, ոլորտի փորձագետները փաստում են, որ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը մեծամասամբ մնում են չկոտրված ու չհաղթահարված։

Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում մանկատուն են հանձնում հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Մասնավորապես, ըստ disabilityinfo.am-ի, 2014 թվականին Հայաստանի ութ մանկատներում ապրել է 927 երեխա։ Հաշմանդամություն են ունեցել 521-ը: Նույն թվականին մանկատների խնամքին է հանձնվել մինչև 1 տարեկան 34 երեխա, որոնցից 29-ը՝ հաշմանդամություն ունեցող:

Ծանր, բազմակի հաշմանդամություն ու հատկապես մտավոր խնդիրներ ունեցող նորածիններին լքելը թեև զուտ հայաստանյան երևույթ չէ, բայց շատ ծնողներ խոստովանում են, որ որոշմանը երբեմն նպաստում են նաև բժիշկները, ովքեր խորհուրդ են տալիս երեխային մանկատուն հանձնել՝ նկարագրելով հաշմանդամություն ունեցող երեխային պահելու անասելի դժվարությունները։

Հայաստանյան և միջազգային մամուլը տարեսկզբին լայնորեն լուսաբանեց Դաունի համախտանիշով ծնված փոքրիկ Լեոյի դեպքը, երբ մայրը ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել էր հրաժարվել երեխայից, հետո, բարեբախտաբար, այդպես չվարվեց։

«Դեռևս շոկի մեջ էի, երբ եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել, եթե երեխային չեմ վերցնելու, ինձ ու փոքրիկին չտանջելու համար Լեոյին չբերեն մոտս»,- իր նախնական որոշումը բացատրող հայտարարությունում գրել էր մայրը։

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանն ասում է՝ կարծրատիպերը հատկապես ամուր են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վերաբերյալ, հետևաբար ավելի մեծ է նրանց նկատմամբ խտրականությունը։

 

Նաիրա Գեւորգյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

Նյութի մանրամասները կարդացեք Medialab.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031