Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատից մինչեւ ցինիզմ

Հոկտեմբեր 21,2015 10:00

Մի քանի օրից՝ հոկտեմբերի 30-ին, Ռուսաստանում եւ գուցե նախկին խորհրդային մի քանի այլ երկրներում նշվելու է քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրը։ Թեման մեր՝ հայաստանյան չափանիշներով արդիական չէ՝ ոչ կնունք է, ոչ հարսանիք, ոչ էլ նույնիսկ՝ հերթական օլիգարխի քաղաքական հավակնությունները կամ «ներկա» եւ «նախկին հանցավոր ռեժիմների» անզիջում պայքարը։

Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ մեր ոչ վաղ անցյալի խնդիրները մինչեւ վերջ չպարզաբանելով՝ մենք շարունակելու ենք խարխափել այսօրվա, մեղմ ասած, ոչ այնքան լուսավոր իրականության մեջ։ Խնդիրն այն է, որ մեր հոգեբանական եւ գաղափարական «էվոլյուցիան» մշտապես ընթանում է մի ուղղությամբ՝ կույր հավատից դեպի կատարյալ ցինիզմ: Որոշ ժամանակահատվածում մարդկանց մեծամասնությունը անվերապահորեն հավատում է քաղաքական վերնախավի ազնվությանն ու իմաստությանը, ճիշտ թե սխալ գաղափարական, հոգեւոր արժեքներին: Մեկ այլ ժամանակահատվածում (ինչպես հիմա) նույն մեծամասնությունը նույնքան անվերապահորեն վստահ է, որ այդ վերնախավի բոլոր ներկայացուցիչները խաբեբա են եւ շահամոլ, իսկ արժեքները սուտ են եւ հնարովի: Մինչեւ որ չհայտնվի մեկ այլ անվերապահ հավատի «պատրվակ»:

Այդ ծայրահեղությունների նմանությունն ակնհայտ է: «Հավատալու» պահին կա համոզմունք, որ ընդհանուր առմամբ պայծառ իրականության մեջ կարող են լինել «առանձին թերություններ», «որոշակի շեղումներ» եւ, որպես հետեւանք, մարդկային անխուսափելի զոհեր: Մասնավորապես, հենց այդպես, ըստ էության, ցինիկ ձեւով է այսօր նկարագրվում քաղաքական բռնաճնշումների շրջանը. «այո, կային համակենտրոնացման ճամբարներ, փոխարենը մենք հաղթել ենք պատերազմում եւ կառուցել ենք հզոր երկիր»: Այդ՝ իբր պրագմատիկ բացատրությունը ուղիղ ճանապարհ է բացում դեպի «անհավատության» շրջան: Որովհետեւ եթե անվերապահորեն չի դատապարտվում բռնությունը, դաժանությունը, մարդկային արժանապատվության ոտնահարումը, չեն մերժվում այդ հանցանքները կատարած ինստիտուտները (այս դեպքում՝ առաջին հերթին «կագեբեն»), եթե դրա՛նց համար են արդարացումներ գտնվում, ապա շատ ավելի հեշտ է արդարացնել կոռուպցիան, չարաշահումները, ընտրակեղծարարությունը, այստեղ հաստատ կգտնվի «վեհ նպատակների» մի ամբողջ ցուցակ: Նման ցինիզմի պատճառները նաեւ անցյալի «չսերտած դասերն» են:

Հայաստանի դեպքում քաղաքական բռնաճնշումների լուրջ ուսումնասիրումը եւ դատապարտումը կարեւոր է նաեւ նրանով, որ դրանք իրականացնող «կագեբեն» (իր բազմաթիվ այլ անուններով) օտարածին կառույց է: Գնդակահարության եւ աքսորի ենթակա մարդկանց ցուցակները հաստատվում էին Մոսկվայում: Հետո՝ հետապնդվող այլախոհների ցուցակները: Եվ ո՞վ կարող է ասել, որ այդ «ավանդույթները», փոքր-ինչ ձեւափոխված, չեն շարունակվում:

…Ռեմարկի «Կյանքի կայծը» վեպի գործողությունը ծավալվում է նացիստական համակենտրոնացման ճամբարում: Գլխավոր հերոսը թերթի նախկին խմբագիր է: Նա կոմունիստ կալանավորների հետ միասին կազմակերպում է ընդհատակյա դիմադրության մի բան: Կոմունիստներից մեկը հարցնում է՝ իսկ ի՞նչ էր քարոզում քո թերթը: «Հանդուրժողականություն, լայնախոհություն, բազմակարծություն»,- պատասխանում է հերոսը: «Որ գանք իշխանության, մենք քեզ էլ կձերբակալենք», – խոստանում է կոմունիստը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031