Որքան էլ գյուղոլորտի պատասխանատուները փորձում են օգտակար լինել եւ խաղողի մթերման հարցում կանգնել գյուղացիների կողքին, սակայն, այնուամենայնիվ, այս տարի էլ խաղողագործներն առանց խնդիրների չեն կարողանում իրենց բերքը մթերել: Արդեն քանի օր է՝ Վայոց ձորի Աղավնաձորի խաղող աճեցրած գյուղատնտեսները նյարդային ու լարված վիճակում են, քանի որ աչքների առաջ ամբողջ տարվա չարչարանքն ու աշխատանքը ջուրն է լցվում: Նրանք այնքան հուսահատ եւ թեւաթափ էին, որ անգամ որոշեցին մնացած խաղողը չհավաքել, քանի որ ավելի շատ վնասներ էին կրելու հավաքելու եւ նրանց խոսքերով ասած՝ «ջրի գնով» հանձնելու պարագայում:
Աղավնաձորցիները երեկվանից հավաքվել էին գյուղամեջ ու անելանելի վիճակում չէին ցանկանում բերքահավաքը շարունակել: Նրանց խոսքերով՝ մի քանի օր առաջ Աղավնաձոր էին եկել «Վեդի-Ալկո» ընկերության ներկայացուցիչները, որոնք գյուղացիներին վստահեցրել էին, որ կարող են 500 տոննա խաղող մթերել 180 դրամով, իսկ խաղողի շաքարայնությունը պետք է կազմեր 22 տոկոս: Հաջորդ օրը, գյուղացիների խոսքերով, կանգնեցին խնդրի առաջ, քանի որ նույն ընկերության մասնագետները հայտարարել էին, որ խաղողը չեն հավանել. «Շաքարայնությունը 21 էր, ասացին 160 դրամով կարող ենք մթերել: Առաջին ռեյսը դատարկելուց մեջը լխճված խաղող կար. դե, գերհասունացել ա ու գռուզի տակ ոնց էլ լինի՝ կլխճվի: Գինեգործը մի 2 ճութ խաղող գտավ, ասում ա՝ ձեր խաղողը նեխած ա, իսկ հաջորդ ռեյսին ասացին՝ 120 դրամով կուզեք՝ դատարկեք, չէ՝ հետ տարեք: Մենք էլ հետ բերեցինք գյուղամեջ՝ ավտոները կանգնած, մտածում ենք՝ ինչ անենք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Աղավնաձորի բնակիչ Հովհաննես Այվազյանը: Նա նաեւ նշեց, որ գյուղից կան խաղողագործներ, որ անելանելի իրավիճակից ելնելով՝ 120 դրամով են խաղողը մթերել. «Զինվորական էր, պոստեր պիտի գնար՝ ո՛չ կարար խաղողը տուն տաներ, ո՛չ էդ պահին այլընտրանք ուներ, որ մտածեր՝ ինչ անի»:
Հովհաննես Այվազյանի խոսքերով՝ գոնե պետք է «Վեդի-Ալկոյի» գյուղատնտեսը գների տատանման մասին տեղյակ պահեր, որպեսզի մարդիկ իմանային իրենց անելիքը եւ խաղողը չբեռնեին:
«Հիմա ժողովուրդը հավաքվել ա, եւ տարբեր մտքեր են առաջարկում՝ հիմնականում չհավաքել խաղողը: Ավելի ձեռնտու ա էս տարի թքած ունենան խաղողի վրա՝ չհավաքեն, քան հավաքեն ու իր ծախսերը չփակի: Էս տարի գյուղացին անելանելի իրավիճակում ա, ու ինչ մեթոդ ասես՝ օգտագործեցին՝ Արարատի մարզում խաղողը թափեցին, քանի անգամ ճանապարհ փակվեց, 120 դրամով հանձնեցին խաղողը, էլ ոչ մի տարբերակ չունենք, որ այս բարդությունը հաղթահարենք»,- մեզ հետ զրույցում նշեց մեկ այլ բնակիչ, որի խոսքերով՝ մնում է նոր բան մտածեն, չնայած գյուղացիները կարծում են, որ կառավարությունը ոչ մի կերպ չի լուծում խնդիրը. «Մթերող ընկերությունները անընդհատ մեզ տալիս են հետեւյալ պատասխանը՝ դուք ունեք խաղող՝ չեք կարողանում վաճառեք, մենք ունենք գինի՝ չենք կարողանում վաճառել՝ ի՞նչ անենք մենք: Նրանք սեփական գործարան են, ու իրենք միշտ ճիշտ են, կառավարությունը պետք ա օգնի, որ արտահանումը զարգացնի: Կամ պետք է մի երկու տարի հարկերից ազատի, կամ մինիմալ հարկատեսակներ սահմանի, որ տվյալ գործարարը կարողանա արտահանել իր ապրանքը, բայց չեն անում ու փոխարենը ասում են՝ քեզ թողնում ենք աշխատում ես, պարտավոր ես մթերել, բայց ոչ մեկը պարտավոր չի մթերել»:
Ըստ գյուղացիների՝ ներկայումս իրավիճակն այդ է. «Խաղողը ո՛չ գույնը կփոխի, ո՛չ կսիրունանա՝ գերհասունացած ա»:
Կարդացեք նաև
Աղավնաձորցիների խոսքերով՝ «Սպայկա» ընկերությունը մի «ֆուռ» էր բերել գյուղ, որպեսզի խաղող մթերի, բայց դատարկ հետ է գնացել: Ընկերության գյուղատնտեսը երբ տեսել է, որ աղավնաձորցիների խաղողի բերքի մի մասը դեռ դաշտերում է, ասել է. «Հո դուք չե՞ք գժվել, ո՞վ ա տեսել, որ պոպոքը տերեւաթափ լինի, բայց ձեր խաղողը դեռ հավաքած չլինի, ու կապ չունի՝ շաքարայնությունը ինչքան ա՝ մինչեւ տերեւաթափը խաղողը համարվում ա հասունացած»: Ընենց չի, որ էս ամենի մասին մենք չենք իմանում, բայց հավաքելու համար մթերող ընկերություն պիտի լինի, չէ՞, որ ժամանակին հավաքենք՝ հանձնենք»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.10..2015