Նոյեմբերի 2-ին լրանում է հայ ժողովրդի արժանի զավակ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր Նորայր Թագվորի Մուշեղյանի 80-ամյակը: Նորայր Մուշեղյանն իր գիտակցական ամբողջ գործունեությամբ կարեւորել է հայրենիքի, ազգի եւ պետության միասնականությունը: Պատանի հասակում՝ 1958թ.-ին, միջազգային արենայում նա հաղթեց Թուրքիան ներկայացնող մարզիկին եւ դառնալով աշխարհի չեմպիոն՝ բարձր պահեց հայ ժողովրդի պատիվը: Ցավոք, նոր սերունդն այսօր շատ քիչ գիտի իր արժանավոր զավակի մասին, որովհետեւ համապատասխան քարոզչությունը թույլ է: Այդ բացը լրացնելու համար «Հանուն Հայրենիքի» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նկարահանվում է վավերագրական-կենսագրական ֆիլմ՝ «Քո հակառակորդը թուրք է» վերնագրով, նվիրված մեծանուն հայի 80-ամյա հոբելյանին:
Ֆիլմում շեշտը դրվում է ԽՍՀՄ հավաքականի կազմում նրա մասնակցությանն աշխարհի առաջնությունում՝ Ստամբուլի «Սիդհատ փաշայի» անվան ֆուտբոլային 45 հազար տեղանոց մարզադաշտում, երբ նա դեռ 21 տարեկան էր:
Բացի այդ, նոյեմբերի 2-ին Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում տեղի կունենա նրա 80-ամյակին նվիրված 4-րդ ավանդական մրցաշարը:
Նորայր Թագվորի Մուշեղյանն արմատներով մշեցի է:
1915թ.-ին նրա 40 հոգանոց տոհմից փրկվում է միայն հայրը` Զորավար Անդրանիկի զինվորների կողմից: Տատիկին հաջողվել է փրկել իր 3 մանկահասակ երեխաներին, նրանց մեջ նաեւ երեքամյա ապագա մորը: Թագվոր հայրը եւ Աղավնի մայրը հանդիպել են Երեւանում եւ ամուսնացել 1925թ.-ին: Նորայրի հայրը ուժեղ տղամարդ էր եւ շնորհիվ նրա՝ 4 եղբայրներով էլ հասան բարձր արդյունքների: Նորայրը դարձավ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, 8 տարի ԽՍՀՄ հավաքականի անդամ, աշխարհի 3 առաջնությունների մասնակից՝ 1957թ. Ստամբուլ՝ 3-րդ տեղ, 1958թ. Սոֆիա` 1-ին տեղ, 1959թ. Թեհրան` 4-րդ տեղ:
ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.10..2015