Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ չէ, որ իշխանությունն է ինչ-որ բան անում»

Հոկտեմբեր 21,2015 15:30

Թեւան Պողոսյանը՝ Արա Աբրահամյանի լեզվական խնդիրներից
մինչեւ «Ժառանգության» քաղաքական ինտրիգների մասին

Երբ ակնհայտ դարձավ, որ «Ոչ»-ի ճակատը սահմանադրական հանրաքվեի դեմ շարժում կազմակերպելու, հանրությանն ակտիվացնելու եւ խոստացած թեժ քաղաքական աշուն ապահովելու, առավել եւս սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանափոխության վերածելու գործընթացում չի հաջողելու, հայաստանյան քաղաքական դաշտն իր առօրյա հուն վերադարձավ: Այսինքն՝ բոլոր գործընթացները կրկին իշխանության ձեռքում կենտրոնացան: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտը, կարծես, խառնում է շատերի խաղաքարտերը: Արա Աբրահամյանը «իշխանական սցենարի՞ց» է՝ «Առավոտի» հարցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց` եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ Արա Աբրահամյանը շատ սերտ կապեր ունի եւ միշտ աշխատել է նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների հետ, եւ եթե քաղաքական ընդդիմության խնդիրն օրակարգում կա, ապա միշտ էլ կարելի է հետքը գտնել. «Գուցե իշխանությունների նախաձեռնությունն է, որ նոր ինտրիգ ձեւավորվի քաղաքական դաշտում»: Բայց, մյուս կողմից, Թեւան Պողոսյանը նկատում է, որ քաղաքական դաշտ մտնելու հայտը Արա Աբրահամյանը ընդամենը մտադրությամբ է հայտնել. «Երբ հայտը կներկայացնի, այսինքն՝ կգա ու կփորձի քաղաքական միավոր ստեղծել, դա կլինի ինչ-որ կուսակցություն, թե այլ բան` կտեսնենք: Բայց ինչպես ես միշտ եմ ասել` հպարտ եմ եւ ուրախ, որ ապրեմ այն երկրում, այն Հայաստանում, որտեղ աշխարհի ցանկացած հայ գա ու իրեն ամբողջովին գտնի: Բայց ամեն ինչ պետք է լինի օրենքների շրջանակներում: Եթե ամեն ինչ օրինական է, թող գան, իրենց հայտը հանրությանը ներկայացնեն, հանրությունն էլ իր գնահատականը տա: Իսկ մինչ այդ բոլոր հարցերը մնալու են քաղաքական ինտրիգների դաշտում: Մենք ուղղակի պետք է ավելի լուրջ լինենք, թե որքանո՞վ տեղ տանք, որ ինտրիգը մեզ տանի. ամբողջ 3-4 օր Արա Աբրահամյանի լեզվական խնդիրնե՞րը քննարկվեն, թե՞ ավելի լուրջ հարցեր, որոնք գալիս են մեր տնտեսությունից, հանրության կարիքներից, ու հասկանանք, թե ո՞րն է կարեւորն ու առաջնայինը, ոչ թե անձերի հետեւից ընկնենք»:

Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք` իսկ «Ժառանգություն» խմբակցությունում ե՞րբ են ինտրիգներն ավարտվելու: Հիշեցնենք՝ մամուլում հրապարակումներ եղան, որ Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը ու Ռուբեն Հակոբյանը հատուկ չեն գնում խմբակցության նիստի, որպեսզի Զարուհի Փոստանջյանը խմբակցության ղեկավար չընտրվի: «Ես չեմ պատրաստվում ուրիշի համար պատասխան տալ: Իմ փոխարեն կպատասխանեմ: Այո, խմբակցությունում կա ձեւավորված անվստահության մթնոլորտ: Ես համարում եմ, որ ամեն մեկն իր մեղքն իր մեջ պետք է փնտրի` ինչ արեց ինքը, որ այդպիսի վիճակ ստեղծվեց: Ես իմ պարտականությունները միշտ արել եմ եւ մինչեւ հիմա արել եմ այնպես, որ որեւէ մեկը չկարողանա ոչ օրենքի, ոչ պարկեշտության, բարոյականության դաշտում ինձ մեղադրի: Բայց եթե ձեւավորվում են իրավիճակներ, երբ դու մի տեղում քեզ զգում ես ոչ արդարացված կամ արդար իրավիճակում, մեղքը պետք չի այլ տեղ ման գալ կամ ուրիշների վրա գցել»: Մեր զրուցակիցը գտնում է, որ «Ժառանգություն» կուսակցությունում էլ նույն կերպ պետք է մտածեն. «Ոչ թե իշխանություններն ինչ-որ մի բան արեցին… Իսկ իրենք ի՞նչ արեցին, որ այդպիսի իրավիճակ ձեւավորվեց:

Իշխանությունների մեղքը չի: Իշխանությունները միշտ էլ պայքարել են ընդդիմադիրների դեմ: Եթե դու գիտես, որ քո դեմ են պայքարում, ինչո՞ւ ես ամեն ինչ այնպես անում, որ մարդիկ այլ իրավիճակների մեջ հայտնվեն: Այստեղ, երեւի, մենք սկսենք հարցադրումներն այլ ձեւով անել»: Դիտարկմանը` Զարուհի Փոստանջյա՞նն իր մոտեցումները վերանայելու կարիք ունի, Թեւան Պողոսյանն ասաց, որ բոլորն էլ մեղքի իրենց բաժինն ունեն: Ինքն էլ չի խուսափում պատասխանատվության սեփական բաժնից. «Միգուցե ես էլ ամենասկզբից ավելի մեղմ, հանդուրժող ու փափուկ եմ վերաբերվել ամեն ինչին, քան պետք էր: Չգիտեմ, դժվարանում եմ հիմա գնահատական տալ»: Ամեն դեպքում, Թեւան Պողոսյանը լավատես է` ամեն ինչ կհարթվի, կանցնի: Թեեւ նեղսրտած է, որ մամուլից է տեղեկանում, որ «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավար ունի, ու հորդորում է բոլոր հարցերի պատասխանները հենց նրանից ստանալ: «Բարոյական կլինի ասել՝ ունի՞ խմբակցությունը ղեկավար, թե՞ ոչ, հենց այն մարդուն, ում ասում են: Այս երեք տարիների ընթացքում եղել է երկու դեպք, երբ մամուլում թյուրիմացաբար նշվել եմ իբրեւ խմբակցության ղեկավար: Պարտքս եմ համարել միանգամից զանգել ու խնդրել, որ սխալն ուղղեն: Ինձ թվում է՝ բարոյականությունը դրանում է»,- Զարուհի Փոստանջյանի բոստանը քար նետեց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ օրերս Զարուհի Փոստանջյանն իր ստորագրությամբ գրություն էր ուղարկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որով տեղեկացնում է, որ ինքն ընտրվել է խմբակցության ղեկավար։ Համաձայն ընթացակարգի՝ ԱԺ նախագահը պահանջել է նիստի արձանագրությունն ու խմբակցության նիստին ներկա պատգամավորների անունները, ինչը Փոստանջյանը չի կարողացել անել այն պարզ պատճառով, որ խմբակցության նիստ տեղի չի ունեցել։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ԱԺ նախագահն իրավունք ունի անվավեր համարելու Զարուհի Փոստանջյանի գրությունը, իսկ դա կնշանակի, որ «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավար չի ունենա։ Դա էլ իր հերթին ենթադրում է մի շարք առավելություններից զրկվել, ինչպես քաղաքական, օրենսդրական դաշտում, այնպես էլ, այսպես ասած, տեխնիկական` ավտոմեքենա, վարորդ, բարձր աշխատավարձ, գործավարուհի եւ այլն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031