Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի նշանակումը սենսացիա չէ

Հոկտեմբեր 21,2015 12:00

Նրա նոր պաշտոնի նշանակությունն ակնհայտորեն ուռճացվում է

Վերջերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի՝ սահմանված կարգով այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից Ռուսաստանից անցնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին: Հայաստանի նախագահը առաջարկել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որի թեկնածությունը պաշտպանել է նաեւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Որ Հայաստանի ներկայացուցիչն է ղեկավարելու այդ կոլեգիան՝ դրանով ոչ ոք մեզ լավություն չի անում. ներկայիս ղեկավար Խրիստենկոյի լիազորությունների ժամկետը լրացել է, 4 տարին մեկ տեղի է ունենում ռոտացիա, հիմա այբբենական կարգով մեր հերթն է: 4 տարի հետո կնշանակվի կոլեգիայի նոր ղեկավար՝ Բելառուսից:

Ինձ թվում է՝ «ԵՏՄ» անունով մի ձեւական կառույց դեռ երկար կպահպանվի, ինչպես 24 տարի գոյություն ունի մի քանի պետությունների ղեկավարների ակումբ, որը կոչվում է «ԱՊՀ»: Դրա մասին, ի դեպ, վերջերս Ղազախստանում մի երկու «քաղցր» եւ արդարացի խոսք է ասել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Ավելի մեծ գործնական նշանակություն, քան այսօրվա ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն չի ունենա: Ընդհանուր տարադրամի մասին խոսակցություններն, իմ կարծիքով, անհիմն են: Մոտակա 5 տարիների ընթացքում դա ընդհանրապես հնարավոր չէ, բայց դրանից հետո էլ հավանականությունը քիչ է: Հետեւաբար խիստ կասկածելի է նաեւ, որ Տիգրան Սարգսյանը որպես ԵՏՄ գործադիրի ղեկավար ինչ-որ հատուկ առաքելություն կունենա: Վստահ չեմ նաեւ, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պակաս կարեւոր պաշտոն է, քան հիմնականում թղթի վրա գոյություն ունեցող կառույցի «միջազգային չինովնիկը»:

Տիգրան Սարգսյանն իրեն լավ չի դրսեւորել Հայաստանի վարչապետի պաշտոնում: Կարելի է խոսել նրա արժանիքների կամ թերությունների մասին, բայց կառավարության ղեկավարի աշխատանքի գնահատականը պաշտոնապես հրապարակված տնտեսական ցուցանիշներն են, որոնք վերջին տարիներին անբավարար էին: Ակնհայտ էին նրա տնտեսական եւ «մշակութա-քաղաքակրթական» հակասությունները հայաստանյան օլիգարխիայի հետ: Բայց այդ տարաձայնություններն ամենեւին չեն նշանակում, որ մի կողմում՝ հրեշտակներ էին, մյուս կողմում՝ հրեշներ: Բոլորը միասին վերցրած փտած, կոռումպացված համակարգի ներկայացուցիչներ են: Ինչ մնում է «օֆշորին», «Նաիրիտին» եւ մնացած նման պատմություններին, ապա չգիտեմ, ինչպես ասում են՝ «մոմ չեմ պահել»: Շատ հնարավոր է, որ նման «քցոցիներ» տեղի են ունեցել, բայց դա վերոհիշյալ համակարգի ընդամենը մի դետալ է:

Ինչու է հենց Տիգրան Սարգսյանը Հայաստանից առաջադրվել ԵՏՄ-ի «գործադիր մարմնի» ղեկավարի պաշտոնի համար: Այստեղ էլ, հավանաբար, մեծ գաղտնիք չկա: Պետք է լիներ մի մարդ, որին ճանաչում էր Պուտինը, եւ որի հետ ԵՏՄ-ի նախաձեռնողը համատեղ աշխատանքի փորձ ունի: Մնացած թեկնածուները, հավանաբար, ավելի շատ հարցեր կառաջացնեին: Որքան էլ պաշտոնը «սինեկուրա» լինի, բոլոր դեպքերում դրա անունը բավականին «հպարտ է հնչում», եւ այս հարցերում որեւէ բան անել առանց Պուտինի հնարավոր չէ: Եվրոպամե՞տ է Տիգրան Սարգսյանը, թե՞ եվրասիամետ՝ դա ընդհանրապես խնդիր չէ: Մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը Հայաստանը պատրաստվում էր ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, հետո պարզվեց, որ այդ առիթով ռուսները խանդում եւ բարկանում են, եւ մենք թեքվեցինք դեպի Մաքսային միություն: Տիգրան Սարգսյանը սկզբում աշխատում էր ԵՄ-ի, իսկ սեպտեմբերի 3-ից հետո՝ ԵՏՄ-ի ուղղությամբ: Իրավիճակի փոփոխության համար Հայաստանի վարչապետին մեղադրելը, կարծում եմ, արդար չէ:

…Ինչ մնում է ԱՄՆ դեսպանի թափուր տեղին, ապա ես, ճիշտն ասած, գիտեմ, թե ով է դրա համար ամենալավ թեկնածուն: Բայց այդ թեկնածությունը դժվար թե անցնի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    սենեկուրա չէ, այլ սինեկուրա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031