Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ սապոգների մեջ փող էին ման եկել». մանրամասներ՝ գյումրեցի ունեւորների տներից կատարված գողության մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2015 22:48

Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս երեք հոգի ձերբակալվեցին Գյումրիի քիչ, թե շատ ունեւոր մարդկանց տներից հերթով գողություն կատարելու համար: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի տեղեկացմամբ, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Համբարձումյանը, իսկ նրանց այս մարդկանց տները ուղղորդելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ 26-ամյա Գոռ Ջանոյանը ու 23-ամյա Սարգիս Հարությունյանը:

Ընդ որում` ձերբակալվածներից մեկը՝ Գոռ Ջանոյանը, Գյումրիի հաջողակ բիզնեսմեններից մեկի որդին է, գյումրեցիներն ասում են, որ նա անձամբ ավտոլվացման կետ ունի այս քաղաքում: Թալանված գյումրեցիներին ամենաշատ տխրեցրել է իրենց համաքաղաքացիների մասնակցությունն այս հանցագործությանը: Վերջիններս խոսքեր չեն գտնում դատապարտելու հենց նրանց:

Մեր հրապարակումից հետո տուժածներից շատերը կամ նրանց շրջապատի մարդիկ ու հարազատները կապ են հաստատում մեզ հետ՝ որոշակի մանրուքներ պատմելով այս թեմայի շուրջ: Քանի որ բնակարանների մեծ մասը թալանել են առանց դռները կոտրելու, շատերի մոտ այն համոզմունքն է, որ գյումրեցի ուղղորդողները ներս մտնելով իրենց տներ՝ պլաստիրինի վրա դաջել են իրենց բանալիները, տարել են վարպետի մոտ, հանել տվել կրկնօրինակը ու այդ հարմարեցված բանալիներով բացել  դռները: Տուժած ընտանիքներից մեկի  հարազատը, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, նշեց, որ իրենք որեւէ մտերմություն, ծանոթություն չեն ունեցել Գոռ Ջանոյանի հետ, պարզապես հազվադեպ իրենց ավտոմեքենան տարել են նրա ավտոլվացման կետ: Վերջինս չի բացառում, որ հենց այնտեղից էլ  թռցրել են իր հարազատի տան բանալին:

«Գողությունը կատարել են երեք ժամվա ընթացքում, դուռը բացեցինք, տան փոխարեն տեսանք Անիի ավերակները, տան մեջ անկյուն չէր մնացել, որ քանդված չլիներ: Քանի որ զարդերը, փողը մի տեղ հավաքված չէր, սրանք ամենուր փնտրել էին, օրինակ՝ բժշկի ընտանիքինը մի տեղ էր հավաքված եղել, վերցրել ու գնացել են, իրենց հեշտ է եղել: Սեղանի վազի մեջ լցված շոկոլադների կեսը կերել էին, կեսը գետին ցփնել, անգամ սապոգների մեջ փող էին ման եկել, սապոգներից մեկը խոհանոցից գտանք, մյուսը ննջասենյակից: Անգամ տարել էին ձեռքի պայուսակների մեջ եղած չնչին գումարները, շալվարի գրպաններն էին քրքել, տեսնելով, որ 30 հազար դրամ է այնտեղ, մեծ գումար չէ, այնպես էին նյարդայնացել, որ գետին էին գցել, ոտքերով տրորել: Կարծում եմ գողերի կեսը տան անդամներին հսկել են, տեսել են՝ ուր են գնում, պահակ են կանգնել, որպեսզի մյուսները ազատ գործողությունների անցնեն»:

Վերջինս  չի կարող հստակ ասել, թե  ինչքանի վնաս են տվել իր հարազատներին, պարզապես փաստում է, որ  նրանց ողջ ոսկեղենն ու գումարը գողացել են, իր ոսկեղենը նույնպես այդ բնակարանում է եղել:  «Ով տեսնում, ասում է աչքներդ լույս, որ արդեն ձերբակալվածներ կան, բայց աչքալույսի բան չէ, ո՞վ պիտի վերադարձնի գողոնը, մեր տարիների ստեղծածը, վաստակը»,-հարցնում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության գողություն կատարած անձանցից մեկը դեռ հայտնաբերված չէ:

«Նախնական քննության տվյալներով՝ գողությունների իրագործմանը մասնակից է եղել 4 անձ, որոնցից 2-ը՝ գյումրեցի, 2-ը՝ երևանցի։  Տների ընտրությունը կատարել են գյումրեցիները եւ ընտրված բնակարանի վերաբերյալ տեղեկությունները տրամադրել մյուս անձանց, իսկ բուն գողությունը կատարել են 2 երևանցիները։

Ըստ նախնական համաձայնության՝ գյումրեցի ընկերների կողմից ստանալով անհրաժեշտ տեղեկությունները, երևանցի 2 տղամարդ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելու և դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի տուն և գողացել առանձնապես խոշոր չափերի` 4.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, 9.000 ՀՀ դրամ գումար, 2 ԱՄՆ դոլար գումար:

Գողության մյուս դրվագը գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին. ստացված նախնական տեղեկատվության հիման վրա՝ Երևանի 2 բնակիչներն ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի բնակարաններից մեկը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, բիժուտերիա,  1.182.700 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար և տանտիրոջ նույնականացման քարտը, որոնք գտնվել են կանաչ գույնի մետաղյա պահարանի և զարդատուփի մեջ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ հափշտակությունը կատարելուց հետո միանալով տուժողի տան մոտ իրենց սպասող 2 գյումրեցիներին՝ նրանցից մեկի առաջարկով գնացել են աներոջ տան բակում գտնվող արհեստանոց, որտեղ բացել են մետաղյա պահարանը և վերցրել ոսկյա զարդերը, իսկ հափշտակված բիժուտերիան լցրել դրա մեջ ու այրել։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով  մետաղյա պահարանը դնելով թղթե արկղի մեջ ու թելով կապելով՝ գցել են Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հետնամասում գտնվող գետակը:

Նախաքննությամբ պարզվել է նշված 4 անձանց ինքնությունը, որոնցից 3-ը հայտնաբերվել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Երևանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերով (2 դրվագ) և 324-րդ հոդվածի առաջին մասով, Գյումրու 2 բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով (2 դրվագ) և 38-324-րդ հոդվածի 1-ին մասով։
4-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ», -ընթերցում ենք հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը եւս տեսանյութ է պատրաստել այս թեմայի շուրջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031