«Որեւէ իրավական արգելք գոյություն չունի Հայաստանի վարչապետի համար իրականացնել իր կուսակցության քարոզչական շտաբի ղեկավարի պարտականությունները»,- վստահեցնում է Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ շտաբի ղեկավար նշանակելը փաստաբանը համարում է օրինաչափ գործընթաց:
Ըստ նրա, վարչապետը հանգիստ կարող է նույնիսկ իր արձակուրդի ժամանակ կատարել իր պարտականությունները. «Դա իր ու իր կուսակցության որոշելիք հարցն է»:
Պարոն Նորիկյանի խոսքով, հանրաքվեի մասին օրենքով էլ չկան սահմանափակումներ երկրի վարչապետի՝ քարոզչական շտաբի ղեկավարի պարտականություններն իրականացնելու առումով. «Հանրաքվեի մասին օրենքն ասում է, որ կուսակցությունները, անհատ անձինք, ԱԺ պատգամավորական խմբերն ու խմբակցությունները, հասարակական կազմակերպությունները իրավունք ունեն օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել քարոզչություն:
Կարդացեք նաև
Տվյալ դեպքում, ՀՀԿ-ն իր ներքին խնդրի կարգավորման նպատակով ստեղծել է քարոզչական շտաբ, որ առաջիկա հանրաքվեի ընթացքում իր կուսակցության դիրքորոշումը հայտնի: Իրենց ներքին որոշման արդյունքում հանգել են հետեւության, որ իրենց շտաբի աշխատանքները ավելի լավ կարող է իրականացնել իրենց կուսակցության փոխնախագահ, երկրի գործող վարչապետը:
Այլ խնդիր է, թե նա ինչպես կիրականացնի իր պարտականությունները: Այլ բան է, վարչապետը չպետք է օգտագործի իր լիազորությունները իր ղեկավարած քարոզչական շտաբի կողմից դրված խնդիրները հաջողության հասցնելու համար: Վարչապետը չպետք է իր լիազորություններն օգտագործի «այո-ի» ճակատում իրենց դիրքորոշման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Հովիկ Աբրահամյանի գործունեությանը հասարակությունն ու լրատվամիջոցները պետք է հետեւեն մանրադիտակով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ