6 ամիս աշխատել է ադրբեջանաբնակ Մառնեուլիի սրճարանում
Ալավերդի քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ռիտա Սիրադեղյանը 2015թ. մայիսի 10-ին, առավոտյան ժամը 7-անց 30-ի սահմաններում արգելված վայրով հատել է Դեբեդ գետը, Վրաստանից անցել է Հայաստանի տարածք, սակայն Տավուշի մարզի Պտղավան գյուղի հարակից կամուրջի վրա, ուր սահմանային անցակետ չկա, հայտնաբերվել է հայաստանցի սահմանապահների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»):
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ռ. Սիրադեղյանը իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նա նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ 2014թ. հոկտեմբերին աշխատանք գտնելու նպատակով մեկնել է Վրաստան,մոտ 6 ամիս աշխատել Մառնեուլի քաղաքի սրճարաններից մեկում, աշխատանքից ազատվելով որոշել է վերադառնալ Հայաստան, սակայն դրամապանակը, որի մեջ եղել է նաեւ անձնագիրը, Մառնեուլիի շուկայում գողացել են: Նա գումար չունենալով՝ ՀՀ վերադարձի վկայական չի կարողացել ստանալ, ուստի որոշել է սահմանը հատել ապօրինի:
Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ռ. Սիրադեղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ