Հոկտեմբերի 16-ին Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա նահանգի մայրաքաղաք Ուդինեում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունների լույսի ներքո:
Գործարար համաժողովին մասնակցում էին Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Ֆրիուլի շրջանի առևտրաարդյունաբերական ոլորտի 30-ից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչներ և գործարարներ:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին Ուդինեի Արդյունաբերողների միության նախագահ Մատեո Տոնոն, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոյի, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը:
Դեսպանության աշխատակից Սոնիա Կիարոտտոն ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները:
Կարդացեք նաև
«Արտադրված է Հայաստանում» զեկույցով հանդես եկավ Վենետիկի “Apindustria” միության փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը:
Հայաստանում ներդրումային իրենց դրական փորձի մասին ելույթներ ունեցան “Renco SpA” ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին և “Whirpool EMEA” ընկերության ներկայացուցիչ Գաետանո Կազալայնան:
Համաժողովին հետևեցին դեսպան Սարգիս Ղազարյանի, Գագիկ Սարուխանյանի և Սոնիա Կիարոտտոյի B2B հանդիպումները ներկա ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Երեկոյան տեղի ունեցավ դեսպան Ղազարյանի աշխատանքային ընթրիքը Ուդինեի նահանգային, քաղաքային իշխանությունների և առևտրաարդյունաբերական շրջանակների ղեկավար ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհրդի նախագահ Ֆրանկո Յակոպը: Ընթրիքի ընթացքում Հայաստանի դեսպանը լրացուցիչ մեկնաբանություններ տվեց Հայաստանի ներդրումային հնարավորությունների ու գործարար միջավայրի վերաբերյալ և պայմանավորվածություն ձեռք բերվեց 2016թ. գարնանը կազմակերպել Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի առևտրաարդյունաբերական պատվիրակության այց Հայաստան՝ նահանգապետի ղեկավարությամբ:
Հոկտեմբերի 17-ին դեսպան Ղազարյանը հանդիպեց Ուդինեի շրջանի Պովոլետտոյի քաղաքապետ Անդրեա Ռոմիտոյին, ում հետ քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները: Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին Պովոլետտոյի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Կեսօրին դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Ուդինեի Տորիանի պալատում Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նահանգային և քաղաքային իշխանությունների, հասարակական և մշակութային շրջանակների, հայ համայնքի, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Գործարար համաժողովն ու ցուցահանդեսը լուսաբանվեցին իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:
ՀՀ ԱԳՆ