Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահին

Հոկտեմբեր 20,2015 20:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը: Նախագահը շնորհավորել է նրանց՝ այդ պատասխանատու պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի երկար տարիների համագործակցությունը և կարևորել բանկի դերը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ Համաշխարհային բանկը Հայաստանում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ գործընկերությունը կպահպանվի և կամրապնդվի, փոխգործակցությունն ավելի կակտիվանա, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները և քաղաքականության առաջնահերթությունները: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը Հայաստանում:

ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը նշել է, որ իր և տարածաշրջանային տնօրենի նշանակման հետ միասին աշխատանքի բարձր նշաձող է սահմանվել, և այդ հավակնություններն իրականացնելու գործում իրենց կողմից արվելու է ամեն հնարավորը: Ըստ նրա, անցած տարիների ընթացքում Համաշխարհային բանկն արդեն նախատեսել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը Հայաստանում մոտ 700 մլն ԱՄՆ դոլար կարժենա: Հայաստանի զարգացման համար այդ ծրագրերի իրականացումը, Սիրիլ Մյուլերի համոզմամբ, կարևոր նշանակություն կունենա:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ ՀԲ-ի գործընկերության ռազմավարության ներկայիս ծրագրի իրականացման ընթացքը, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններին, միջնաժամկետ կայուն տնտեսական աճի համար անհարժեշտ հիմքերի ապահովման խնդիրներին՝ այդ տեսանկյունից կարևորելով ՀԲ-ի դերակատարումը՝ պետություն-մասնավոր հատված մոդելի ներքո մասնավոր ներդրումների խթանմանն աջակցելու գործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031