Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվեք վաղը Ղարաբաղը Ադրբեջանին, կարծում եք պետք է հաշտվի ու եղբայրանա՞»

Հոկտեմբեր 20,2015 19:07

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ, Ադրբեջանի ներքին վիճակի վատթարացումը կարող է Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման պատճառ դառնալ:

Մեր հարցին, թե հիմա պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, պարոն Պապյանը բացասական պատասխան տվեց, բայց ասաց, որ երկրի ներքին լարվածությունը Ադրբեջանի նախագահ Ալիևին կարող է դրդել սխալ քայլերի. «Ազգային անվտանգության նախարարի ձերբակալումը պատահական չէր, նա այդ պաշտոնին էր եղել մոտ 15 տարի: Նա չի ձերբակալվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, եթե այդպես լիներ բոլորը կձերբակալվեին։

Ալիևը իր, իր ընտանիքի, իր պաշտոնի նկատմամբ վախ է զգացել: Այսինքն, նա վախենում է՝ ինչը կարող է բերել ոչ միայն կոշտ հռետորաբանության, այլեւ բազմաթիվ սխալ քայլերի»:

Անդրադառնալով առաջիկայում Հայաստան-Ադրբեջան նախագահների հնարավոր հանդիպման մասին քննարկումներին՝ պարոն Պապյանը շարունակեց՝ ասելով, թե առաջիկայում բարձր մակարդակի երկկողմ հանդիպում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով հնարավոր չէ. «Եկեք ընդունենք, որ այս հանդիպումները ինքնանպատակ են դարձել, բայց, իհարկե, դա ավելի լավ է, քան ընդհանրապես հանդիպումներ չլինեն: Դրանով գոնե պատրանք է ստեղծվում, որ բանակցություններ են տարվում: Միջազգային ինչ-որ միջոցառումների շրջանակում կկազմակերպվի հանդիպում: Բացի այդ, դրա իմաստն էլ չկա։ Ալիևն այսօր իրականացնում է թուրքական մեծ երազանքը՝ մաշեցնելով սպառել Հայաստանը: Այո, այստեղ հարցը ոչ միայն Ղարաբաղն է, այլ առաջին հերթին Հայաստանը: Իրականում հակամարտությունը Հայաստանին մաշեցնելու մեջ է, այսինքն՝ թիրախը Հայաստանն է, Հայաստանին ոչնչացնելը։ Տվեք վաղը Ղարաբաղը Ադրբեջանին, կարծում եք պետք է հաշտվի ու եղբայրանա՞, իհարկե՝ ոչ։ Թուրքական նպատակն է՝ Հայաստանը մաշեցնել ու ոչնչացնել, ինչը բավական հաջող իրականացնում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031