Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ. աշխատանքից ազատված դայակները տնօրենին մեղադրում են «լեվի» հաստիքներ պահելու մեջ

Հոկտեմբեր 20,2015 18:40

Գյումրու «Գոհար» մանկապարտեզի աշխատանքից ազատված դայակներ Նարինե Հաջյանն ու Գոհար Թոսունյանը դիմել են Շիրակի մարզի դատախազություն՝ բողոքելով, որ մանկապարտեզի վարիչ Սյուզաննա Հարությունյանը թաքցրած աշխատակիցների է պահում. դռնապահի, հավաքարարի, օժանդակ բանվորի ու պահակի հաստիքներում գրանցված են այնպիսի մարդիկ, որոնք աշխատանքի ընդհանրապես չեն ներկայանում:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը այս փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հոդվածը, որը կոչվում է Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, սահմանում է

«1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս նույն մանկապարտեզի նախկին վարիչ Գոհար Չիլինգարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու. 1.760.270 դրամ հափշտակելու համար, մենք Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե քաղաքապետարանը վերահսկողություն չի սահմանում, որ նման դեպքերը չկրկնվեն:

Հայկ Սուլթանյանը մեզ պարզաբանեց, որ դայակները իրավապահներից բացի, բողոք են ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետի կարգադրությամբ անմիջապես ստեղծվել է հանձնաժողով, որը ուսումնասիրություններ է կատարել ու գտել, որ նրանց բողոքը հիմնավոր չէ: Աշխատանքից ազատված դայակները բողոք են ներկայացրել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանը ու ոստիկանությանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031