Հոկտեմբերի 15-ին կայացավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Գորիցիա քաղաք:
Դեսպանը մասնակցեց Տրիեստեի համալսարանի Գորիցիայի մասնաճյուղի միջազգային գիտություններ և դիվանագիտություն ֆակուլտետի կողմից կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. գլոբալ մարտահրավերներ և տարածաշրջանային հնարավորություններ» խորագրով գիտաժողովին: Միջոցառման բանախոսներն էին Հայաստանում Իտալիայի դեսպան Սարգիս Ղազարյանը, նշյալ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գեորգ Մեյրը, համալսարանի ԵՄ իրավունքի պրոֆեսոր Էցիո Բենեդետտին:
Բանախոսները ներկայացրեցին Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի տարածաշրջանային ու միջազգային արտաքին քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքներն ու խաղաղ կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը: Գիտաժողովի ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:
Այնուհետև կայացավ դեսպան Ղազարյանի հանդիպումը Գորիցիայի քաղաքապետ Էտտորե Ռոմոլիի հետ: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Իտալիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, կարևորեցին տեղական ինքնակառավարման մարմինների միջև առևտրատնտեսական ու մշակութային կապերի խթանումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Գորիցիայի առևտրի պալատում առաջիկայում կազմակերպել Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով: Էտտորե Ռոմոլին հպարտությամբ նշեց, որ Գորիցիան Իտալիայի առաջին քաղաքներից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Այնուհետև կայացավ դեսպան Sարգիս Ղազարյանի հանդիպումը Գորիցիայի պրեֆեկտ Իզաբելլա Ալբերտիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իտալական պատմական կապերի ու ներկայիս հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների, Միջին Արևելքի իրավիճակի ու փախստականների հիմնախնդրի հետ կապված հարցեր:
Գիտաժողովը, ինչպես նաև դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումները լուսաբանվեցին իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:
ՀՀ ԱԳՆ