Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մեր դատական համակարգը մերժում ցմահ դատապարտյալների գործերի վերաբացումը

Հոկտեմբեր 20,2015 17:58

Քրեական իրավունքի բրիտանացի մասնագետ Քեթրին Էփելթոնը «Կյանքը՝ ցմահ ազատազրկումից հետո» վերնագրով աշխատություն ունի, իսկ մենք դեռևս չենք կարող այդպիսի աշխատություն ունենալ, որովհետև անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման որևէ նախադեպ. «Մոտ տասը ցմահ դատապարտյալ հատել է պատժի կրման քսան տարվա շեմը, սակայն որևէ մեկի նկատմամբ չի կիրառվել պայմանական ազատում: Մերժումները տարբեր են՝ կամ հետաձգում են կամ՝ վերջնական մերժում»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը:

Զարգացած երկրներում հիմա ակտիվորեն կիրառվում է դատական գործերի վերանայման պրակտիկան: Արդարացման և պատժաչափի նվազեցման բազմաթիվ դեպքեր են եղել: Այս ոլորտում կարևոր գործիք է դարձել ԴՆԹ թեստի կիրառումը, որի շնորհիվ Միացյալ Նահանգներում միայն վերջին 20-30 տարիներին մոտ 340 մարդ է արդարացվել: Նրանցից 200-ը դատապարտված են եղել մահապատժի: Դատական սխալների անխուսափելիությունն այսօր ընդունում է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Հայաստանում, սակայն, մոտեցումն այլ է. «Անսխալականի բարդույթով մեր դատական համակարգը հեշտությամբ մերժում է ցմահ դատապարտյալների գործերի վերաբացումը՝ կարծես թե բացառելով, որ մեր երկրում հնարավոր են դատական սխալներ»,- ասաց լրագրողը:

Մինչդեռ, ՀՀ դատական համակարգում, որտեղ, նրա ձևակերպմամբ, գործում է «ընտրովի արդարադատության» սկզբունքը, սխալներն առավել քան անխուսափելի են. «Սակայն հին գործերին անդրադառնալու և դատական հնարավոր սխալներն ուղղելու կամք չկա: Իսկ այն, որ մեր բանտերում անմեղ մարդիկ կան, ես դրա մասին հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ընդգծեց Զ. Մեջլումյանը:

Իսկ ինչո՞ւ է մեր դատական համակարգը մերժում ցմահ դատապարտյալների գործերի վերաբացումը:

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի դիտարկմամբ՝ հարցը բավականին պարզ պատասխան ունի՝ այդ ամենը շատ մեծ պատասխանատվություն է. «Նախ հասկանանք՝ ինչ է նշանակում է գործերի վերաբացում: Դա նշանակում է, որ հնարավոր է՝ բացահայտվեն սխալ դատապարտված անձինք, որոնք կարող են արդարացվել, կամ որոնց պատիժը կարող է նվազեցվել: Դա նշանակում է, որ պետք է փնտրել նոր հանցագործների, պետք է փնտրել գործը կոծկողներին, պետք է պատասխանատվության ենթարկել գործն ակնհայտ կեղծիքներով սարքած անձանց, պետք է պատրաստ լինել հրապարակային դատաքննությունների, բողոքարկումների, մեծ աղմուկների… Այս ամենը շատ մեծ պատասխանատվություն է, որը պետք է ստանձնեն ու չեն ստանձնում: Խնդիրը դրա մեջ է»,- համոզմունք հայտնեց Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ իրենց գործերի վերանայման պահանջով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 12-ին հայտարարեցին անժամկետ հացադուլ, միաժամանակ 10-ը կետերից բաղկացած նամակով  դիմեցին ՀՀ նախագահին:

«Հացադուլը ժամանակավորապես դադարեցվել է, սպասում ենք արձագանքի: Եթե նախագահն այդ հարցը չլուծի, մեր երեխաները կշարունակեն իրենց հացադուլը, իսկ մենք ծնողներով նստացույց կկազմակերպենք»,- ասաց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը:

Ի դեպ, քննարկման ժամանակ ցուցադրվեց նաև Զ. Մեջլումյանի հեղինակած «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» 15 րոպե տևողությամբ ֆիլմը, որտեղ դատարանների արխիվում իր մեկ տարվա աշխատանքն է խտացրել հետաքննող լրագրողը. «Այդտեղ ամենացցուն խախտումներն են և միայն այդ խախտումներն այնքան աղաղակող են, որ կարելի է վերաբացման վարույթներ սկսել»,- վստահեցրեց Զ. Մեջլումյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031