Այսօր տոնական օր էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների համար: Դպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Բերքի տոն» միջոցառումը: Տոնին ներկա էին ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, այլև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր:
Աշնանային արևոտ ու տաք եղանակն էլ էր երեխաների կողմից: Տեսնել էր պետք, թե յուրաքանչյուր դասարան ինչ խնամքով ու պատասխանատվությամբ էր ներկայացրել Տավուշի մարզի բերքն ու բարիքը: Բացի 1-ին և 2-րդ դասարաններից, դպրոցի մյուս բոլոր 15 դասարանները ներկայացել էին առանձին տաղավարներով: Աշնանային բերք ու բարիքով ծանրաբեռնված սեղաններն աչքի էին ընկնում ոչ միայն իրենց ճոխությամբ ու առատությամբ, այլև յուրահատուկ ձևավորմամբ ու գունեղությամբ:
7-րդ և 8-րդ դասարանների աղջիկները ցուցադրեցին բանջարեղենային աղցաններ պատրաստելու իրենց հմտությունները, իններորդցիները փայլեցին մրգային ֆուրշետներ պատրաստելու իրենց շնորհքով, իսկ ցածր դասարանների աշակերտների համար նախատեսված էին ուրախ ու զվարճալի խաղերի մրցույթներ: Միջոցառումը համեմված էր տոնին համահունչ փոքրիկ բեմադրություններով, աշխույժ երաժշտությամբ, երգ ու պարով:
Տավուշի մարզպետարան