Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի մայր. «Գիտեն, թե ես էլ այն ծնողներից եմ, որ այդ երկաթի կտորը վերցնեմ, ասեմ հա…իմ գյոզալ էրեխուն տվեք»

Հոկտեմբեր 20,2015 16:51

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված սևազգեստ մայրերը` Իրինա Ղազարյանն ու Նանա Մուրադյանը դիմել են դատարան: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՔԾ-ում վերաբացվի իրենց դեմ բռնությունների գործը և իրականացվի արդար քննություն: Որդեկորույս մայրերի պահանջը հետևյալն է. «Վերացնել ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արա Թադևոսյանի կողմից 08 օգոստոսի քրեական գործով քրեական հետաքննություն չիրականացնելու և վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը, պարտավորեցնել իրականացնել նոր` արդյունավետ, համակողմանի և սպառիչ քննություն»:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով եւ հրելով հեռացրել էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բողոքի ակցիա անցկացնող ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում էին պահանջում։ ՀՔԾ-ն որոշեց կասեցնել այս գործի վարույթը և գործը կարճել:

Aravot.am-ի հետ զրույցում խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, նշեց, որ իրենց պահանջը արդար քննությունն է, ՀՔԾ-ում գործի վերաբացումը. «Գոնե մի արդար քննություն պիտի լինի, թե` ոչ: Պարզ կադրերով երևում է`ոնց են քաշքշում մեզ: Դրանից հետո ընկանք հիվանդանոց, մյուս ծնողի կրծքում ուռուցքներ են առաջացել»: ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատական նիստ չկայացավ, քանի որ Իրինա Ղազարյանը նշեց, որ իրենց ընդամենը հեռախոսազանգով էին տեղեկացրել` ծանուցագիր չէին ուղարկել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին ժամը` 09.30-ին:

Տիկին Ղազարյանը մեզ հետ զրույցում իր վրդովմունքը նաև հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով իր որդուն հետմահու պարգևատրել են մեդալով: Նա մասնավորապես ասաց. «Գիտեն, թե ես էլ այն ծնողներից եմ, որ այդ երկաթի կտորը վերցնեմ, ասեմ հա…իմ գյոզալ էրեխուն տվեք, նրա վաստակը տվեք, նրա սև բերետը տվեք: Հիմա հազար տոկոսով եմ համոզված, որ իմ երեխային սպանողը Ջհանգիրյան Մարտինն է ու որ դրել են պետական գաղտնիքի տակ, իզուր չեն արել: Այդքանից հետո էլ Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում Հովհաննես Սահակյանին ասել է, թե իբր այդ ծնողների հետ ինքը մի քանի անգամ զրուցել է, բայց նման բան չի եղել: Շուշան Պետրոսյանը ստախոս է: Մի՞թե նա երեխա չունի, ի վերջո երկու տղա է մեծացնում, բայց գիտի, որ իր երեխաները, ինչպես նաև մի քանի օլիգարխների երեխաներ, չեն գնալու ծառայելու»:

Տիկին Իրինան վստահ է, որ իր երեխայի սև բերետը չեն տալիս, քանի որ այդ դեպքում կպարզվի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ սև բերետ ստացող զինվորը երեք օր հետո հանկարծ կայծակնային ուռուցքի պատճառով մահացավ: Տիկին Իրինան վստահեցրեց. «Իմ տղան ուռուցք չի ունեցել, դա իմ տղայի մոտ արյան զեղում է եղել, որն առաջացել է հարվածից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031