Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Ավան հոգեկան առողջության կենտրոնը դրամական փոխհատուցում է պահանջում մի կնոջից, ում խոսքերը արժանահավատ չի համարում

Հոկտեմբեր 20,2015 16:14

2015թ. հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Վ. Հովնանյանի, սկսվեց «Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ Ժուլետա Ամարիկյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի» գործով դատաքննությունը:

Դատական նիստին ներկա էին հայցվոր կողմի ներկայացուցիչ Էդգար Բադեմյանը և պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:

Պատասխանող կողմ Ժ. Ամարիկյանը և գործով ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ անձ, «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչը դատական նիստին չէին ներկայացել: Դատարանը, հաշվի առնելով վերջիններիս՝ պատշաճ կերպով ծանուցված լինելը, որոշեց նիստը շարունակել նրանց բացակայությամբ:

Դատական նիստին առաջինը բացատրություններով հանդես եկավ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Է. Բադեմյանը, ով, իր խոսքում պնդելով, որ զեկույցում տեղ գտած որակումները և շնորհանդեսի ժամանակ Ժ. Ամարիկյանին խոսք տրամադրելը դիտավորություն է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Ավան հոգեկան առողջության կենտրոնի նկատմամբ, այնուամենայնիվ ոչ մի հիմնավոր փաստարկ չներկայացրեց դիտավորության փաստն ապացուցելու համար:

Հայցվորի ներկայացուցչի կողմից բազմիցս շահարկվեց նաև այն հանգամանքը, որ Ժ. Ամարիկյանը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում և նրա խոսքերը արժանահավատ չեն կարող համարվել, միևնույն ժամանակ վկայակոչելով նույն Ժ. Ամարիկյանի կողմից Կենտրոնի հասցեին հնչեցրած դրական կարծիքը, որն իրենց պնդմամբ , նա հայտնել է Կենտրոնում բուժվելու ընթացում:

Հետաքրքրական է, որ հայցվոր կողմը, հանձին Կենտրոնի տնօրեն Ա. Հակոբյանի, նշում է, որ Ամարիկյանը հրաժարվել է բուժում ստանալուց՝ խոսքի մեկ այլ հատվածում հիշատակելով այն հանգամանքը, որ կինը դեղամիջոցներից ալերգիա չի ունեցել և գոհ է եղել մատուցվող ծառայություններից:

Հայցվոր կողմը կարծիք հայտնեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և փաստաբան Տ. Հայրապետյանի կողմից ճնշում է գործադրվել Ժ. Ամարիկյանի նկատմամբ՝ պնդելով հայցադիմումում նշված պահանջը՝ հրապարակային ներողություն խնդրելու և 3 մլն դրամ փոխհատուցում վճարելու վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, հայցվոր կողմի ներկայացուցչի խոսքն աչքի ընկավ մի շարք հակասություններով և չհիմնավորված պնդումներով:

Հաջորդիվ պատասխանողի ներկայացուցիչ Ա. Զալյանը և նախագահող դատավոր Վ. Հովնանյանը հարցադրումներով փորձեցին հստակեցնել հայցվորի խոսքում վկայակոչված փաստարկներն ու հանգամանքները, մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, թե ինչպես են պահանջ ներկայացնում մի մարդու նկատմամբ, ով, իրենց պնդմամբ, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, ինչպես նաև հարց առաջադրվեց Ժ. Ամարիկյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ, որին ի պատասխան՝ հայցվոր կողմը նշեց, որ անգործունակ ճանաչելու հայց ներկայացնելու գործառույթ Կենտրոնը չունի, իսկ պահանջ ներկայացնելու հարցին պատասխան տրվեց, որ ընդունված կարգն է պահանջում այդպես վարվել:

Այնուհետև խոսք տրվեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Ա. Զալյանին, ով անդրադարձ կատարեց հասարակական կազմակերպությունների դերին ու նշանակությանը, ապա անդրադառնալով շնորհանդեսի ժամանակ Ժ. Ամարիկյանին խոսք տրամադրելուն՝ նշեց, որ նա պարզապես օգտվել է իր սահմանադրական իրավունքից:

Պատասխանող կողմը ներկայացրեց դիմում՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, որը հիմնավորեց այն հանգամանքով, որ հայցվորի կողմից հայցադիմումը դատարան է ներկայացվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո: Նշված հոդվածը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել է վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացնել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը հարցերով փորձեց հստակեցնել իրականացված մոնիթորինգի նշանակությունն ու նպատակը, անդրադարձավ շնորհանդեսի օրակարգի կազմման սկզբունքներին:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 11:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031