Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն սեփական քարոզարշավը կանի

Հոկտեմբեր 20,2015 15:27

«Ինքներս ենք փորձելու ժողովրդին և մեր համակիրներին բացատրել խորհրդարանական կառավարման համակարգի դրական առավելությունները և անհրաժեշտությունը»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Սոցիալ–դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի նորընտիր վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Հիշեցնենք, ՍԴՀԿ համագումարը շաբաթ օրը որոշում էր կայացրել, որ սահմանադրական փոփոխություններին կուսակցությունն իր դրական քվեն կտա: ՍԴՀԿ-ն մշտապես կողմնակից է եղել խորհրդարանական կառավարման համակարգին: ՍԴՀԿ-ն, սակայն, «Այո»-ի`իշխանական քարոզարշավին՝ չի մասնակցի, անգամ եթե «Այո»-ի միասնական շտաբ լինի: Կուսակցությունը սեփական քարոզարշավը կանցկացնի, որն էլ կլինի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փորձ: Հանդիպումներ կունենան ՀՀ բոլոր մարզերում: Առաջիկայում ՍԴՀԿ կենտրոնական և ՀՀ-ի վարչության քննարկումներից հետո շտաբներ կստեղծեն և կանցնեն ակտիվ աշխատանքի:

«Մենք փորձելու ենք հասկանալ, թե որքան ընտրազանգված, ձայներ ունենք և որքան մեր խոսքը կշիռ ունի հասարակության համար»,-ասաց Նարեկ Գալստյանը` հավելելով. «Քաղաքական նախաձեռնություններին ընտրովի ենք մոտենալու և աշխատելու ենք առանձին մասնակցել»:

Նարեկ Գալստյանը եւ ՍԴՀԿ-ն մտավախություններ չունեն, որ իրենց նման դիրքորոշումը ճիշտ չի ընկալվի եւ ստվեր կգցի իրեն ընդդիմադիր հայտարարած կուսակցության իմիջի վրա: «Եթե որևիցե մեկը «ոչ»-ի կողմնակից է, նշանակում է Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակի՞ց է: Հնչակյան կուսակցության համար խորհրդարանական կառավարման համակարգի անցումը նաև իշխանափոխության հնարավորություն է տալիս: Եթե փորձենք ավելի ազնիվ գտնվել՝ արդյոք «ոչ»-ի կողմնակիցները, ովքեր չեն հիմնավորում «ոչ»-ի գաղափարական մասը, որովհետև միայն այս իշխանություններն են առաջ քաշել, կարողանալո՞ւ են այս երկում իշխանափոխություն իրականացնել, եթե մնա այս Սահմանադրությունը»:

ՍԴՀԿ ատենապետը թերահավատ է վերաբերվում նաեւ «Ոչ»-ի հարթակին: Ըստ նրա, այդ հարթակում չկան այնպիսի ուժեր, որոնք կարող են բացառիկ ազդեցություն ունենալ հայաստանյան քաղաքական գործընթացների վրա: «Այնտեղ հավաքված է Նախախորհրդարանը, որի խոստացած իշխանափոխությունը ապրիլի 24-ին չստացվեց: ՀԱԿ-ը, որը վերջին ընտրություններին հազիվ կարողացավ խորհրդարան մտնել… Ինձ մոտ կասկած կա՝ արդյոք, եթե իշխանությունները չօգնեին…»,- խոսքը կիսատ թողեց Նարեկ Գալստյանը:

Անկախ ամեն ինչից, Նարեկ Գալստյանը եւս կարծում է, որ հասարակության մեջ կա մեծ դժգոհություն իշխանության ցանկացած դրսևորման հետ կապված ու համակարգային փոփոխություններ են պետք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031