Լրահոս
Օրվա լրահոսը

Մաս-ռեսթլինգի աշխարհի գավաթն ու Եվրոպայի բաց առաջնությունը վստահվել է Հայաստանին

Հոկտեմբեր 20,2015 14:57

Մայիսի 23-ից 25-ը Երեւանում կայանալու են Մաս-ռեսթլինգի աշխարհի գավաթի 2-րդ փուլը ու Եվրոպայի բաց առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են աշխարհի 20 երկրների 200 մարզիկներ:

Այդ առիթով այսօր ՀՀ մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանն ու մաս-ռեսթլեր Հովսեփ Մուրադյանը «Ելակետ» մամուլի ակումբում հանդիպեցին լրագրողների հետ: Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ այդ երկու մրցումների կազմակերպումը միջազգային ֆեդերացիան վստահել է Հայաստանին՝ հաշվի առնելով մեր մարզիկների հաջող մասնակցությունները նախորդ նմանատիպ առաջնություններում եւ Հայաստանի ֆեդերացիայի գրաված առաջնային դիրքերը մարզաձեւի աշխարհում: Դրանում մեծ դեր է խաղացել նաեւ Հայաստանի առաջնությունում մրցավարության մեջ նոր, առաջադեմ մեթոդների ու տեխնոլոգիաների, մասնավորապես, առաջին անգամ մարզիկների սպորտային անձնագրերի կիրառումը, ինչը ընդունվել եւ հավանության է արժանացել համաշխարհային ֆեդերացիայում:

Երեւանում անցկացվելու են տղամարդկանց եւ կանանց առանձին առաջնություններ: Aravot.am-ի հարցին, թե Հայաստանը կանանց պայքարին մասնակցողներ ունենալո՞ւ է եւ ովքե՞ր են նրանք, Արտավազդ Նալբանդյանը պատասխանեց, որ մենք ունենք կանանց առանձին հավաքական, որը համալրված է ուժային այլ մենապայքարային մարզաձեւերի ներկայացուցիչներով ու մեր կանանց թիմը հանդես է գալու բոլոր քաշային կարգերում: Նաեւ ընդգծեց, որ մեր աղջիկներն էլ միջազգային մրցասպարեզներում հաջողություններ արձանագրում են եւ Երեւանում նույնպես նրանցից ակնկալիքներ կան:

Մաս-ռեսթլեր, մինչեւ 100 կգ քաշային Հովսեփ Մուրադյանը, որն արդեն մրցանակային տեղեր ունի զբաղեցրած միջազգային հեղինակավոր մրցաշարերում, հույս հայտնեց, որ հարազատ հարկի տակ կկարողանա պայքարել ոսկե մեդալի համար, թեեւ դա շատ դժվար է լինելու:

Բանախոսների փոխանցմամբ, մաս-ռեթլինգը բավականին արագ տարածվում է աշխարհում եւ միջազգային ֆեդերացիան աշխատում է, որպեսզի այն ընդգրկվի օլիմպիական մարզաձեւերի ցանկ: Aravot.am-ի մեկ այլ հարցի, թե մեր մաս-ռեթլերները որտե՞ղ են մարզվում եւ մարզաձեւը Հայաստանում ի՞նչ հեռանկարներ ունի, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց, որ հիմնականում մարզվում են «Կոնան» մարզասրահում եւ «Տաշիր սպորտում»: Իսկ հեռանկարների մասին ասաց, որ ֆեդերացիան սերտորեն համագործակցում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու ՀԱՕԿ-ի հետ, ինչը հետագայում մարզաձեւի էլ ավելի տարածման ու զարգացման լավ հիմք է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031