Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «ՄԻԵԴ-ը երկակի ստանդարտ չի կիրառել»

Հոկտեմբեր 20,2015 13:57

«Դիվանագիտության, քաղաքականության մեջ մի բան կա. եթե գիտես որ բացասական է լինելու, ինչո՞ւ ես մտնում այդ պայքարի մեջ: Ակնհայտ է, որ ՄԻԵԴ-ը ոչ մեզ նպաստավոր որոշում պիտի կայացնի: Այդքան խելք պետք է ունենանք»,- այսօր «Անալիտիկ» ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի`«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռին վերաբերվող հարցին ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հերքել է հայոց ցեղասպանության փաստը և դատապարտվել ազատազրկման: Նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ բավարարել է  Փերինչեքի հայցը՝ գործում նշելով, թե հայցվորի նկատմամբ խոսքի ազատության սահմանափակում է կիրառվել:

Ստեփան Գրիգորյանը բերեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որը հսկայական գումարների փոխհատուցում պիտի տա այն մարդկանց, ովքեր տուժել են Աֆղանստանում, որտեղ, ի դեպ, Մեծ Բրիտանիան խաղաղապահ առաքելությամբ էր մասնակցում: «Տեռորիստների ընտանիքները դիմում են ՄԻԵԴ ու առանց բացառությունների շահում են: Հետո ապացուցվում է, որ նա տեռորիստ է, բայց դա կապ չունի, դրա համար առանձին իրավական գործընթաց կա»,- ասաց նա`հավելելով, որ քաղաքական տեսանկյունից Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վճիռն ինքն այսպես է հասկացել. «Մարդու խոսքի ազատությունը չես կարող սահմանափակել»:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը`մեկնաբանելով Փերինչեքի գործով վճիռն ասել էր, որ սա նախադեպային որոշում է ու ցեղասպանություն վերապրած ընտանիքների ժառանգները կարող են այն օգտագործել`իրենց իրավունքների պաշտպանության եւ փոխհատուցումներ ստանալու համար: Aravot.am-ի հարցին`սա արդյոք նշանակո՞ւմ է, որ կարելի է օրակարգային հարց դարձնել ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացը, ինչի մասին հայաստանյան քաղաքական դաշտում անընդհատ խոսվում է, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Նյուանսները թող իրավաբանները պարզեն»:

Քաղաքագետը չի կարծում, որ ՄԻԵԴ-ը երկակի ստանդարտներով է գործել, նկատի ունենալով, որ Հոլոքոստի դեպքում դա չի կիրառվում: «Հոլոքոստը ՄԱԿ-ի կողմից ճանաչված է»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031