«Փոխարեն Հայաստանում ասենք`ՌԴ քո պատճառով տուժում ենք, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան ՌԴ-ի դեմ է դա արել, մեզ վրա ենք վերցնում: Իրենք ԱՊՀ սահմանն են խախտել, քանի որ թուրք-սիրիական սահմանն էլ ՌԴ-ն խախտեց, ոչ թե հայկական սահմանն են խախտել»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն`անդրադառնալով օրերս թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքին: Հիշեցնենք, որ իբրեւ պաշտոնական բացատրություն տրվեցին վատ եղանակային պայմանները:
Հոկտեմբերի 9-12-ը Նորվեգիայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանի աշխատանքների ժամանակ, հայաստանյան պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին`թուրքական ուղղաթիռների` հայկական սահմանի խախտման մասին: Վերջինս ասել է, որ միջադեպից տեղյակ չէ ու խնդրել է հարցը գրավոր ներկայացնել: Թեւան Պողոսյանն այդպես էլ արել է:
«Դա ուղղված է ՌԴ-ի դեմ, թող ՌԴ-ն էլ ՆԱՏՕ-ի հետ ռազբորկա անի: Պետք չի մեզ առաջ գցել ու սլաքները փոխել, ՆԱՏՕ-ից էլ պահանջել, որ ներողություն խնդրի: ՆԱՏՕ-ն մեզ հետ նորմալ աշխատում է: Ցեղասպանության ժամանակ էլ մեջ ընկանք, գերտերությունների հաշիվների մեջ մենք ցեղասպանություն ապրեցինք»,- իր վրդովմունքը բարձրաձայնեց Ստեփան Գրիգորյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ