Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ուղղաթիռները Հայաստանում կես ժամ շրջել են». Արա Պապյան

Հոկտեմբեր 20,2015 13:34

«Մոդուս Վիվենդի» ընկերության ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ, Սիրիայում հակամարտությունն ընդլայնվում է: Ըստ նրա, Ռուսաստանի միջամտությունը որակապես փոխեց հակամարտությունը. «Կարճաժամկետ առումով դրական փոփոխություն էր, որովհետեւ այն կբերի հակաասադական ընդդիմության»:

Այսօր «Փաստարկ» ակումբում նա ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանին կհաջողվի ջախջախել Սիրիայի ընդդիմությանը, իսկ Արեւմուտքը կկանգնի երկընտրանքի առջեւ՝ Ասադի՞, թե՞ իսլամիստների ընտրություն ու թերեւս կընտրի հենց Ասադին. «Հայկական շահերի առումով, Ասադն ավելի ընդունելի է իր բոլոր թերություններով հանդերձ: Որովհետեւ աշխարհիկ ղեկավար է, նա եւ նրա հայրը կրոնական քաղաքականություն չեն իրականացնում, փոքրամասնությունների նկատմամբ էլ Ասադն իր վերաբերմունքը միշտ դրական է արտահայտել: Ասադն ընդունելի չէ Արեւմուտքի համար, որովհետեւ պարզապես ասել են պիտի գնա, ուրեմն պիտի գնա: Կարծում էին, որ նրան կհաջորդի ավելի ժողովրդավարը: Իսկ Իրաքի ու Լիբիայի փորձով տեսանք՝ որեւէ մեկը չի կարող պնդել, որ այդպես էլ կլինի»:

Պարոն Պապյանը նկատեց, որ Ռուսաստանին թերեւս հաջողվի պարտության մատնել Սիրիայի ընդդիմությանը, բայց չհաջողվեց Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավել: Հնարավոր է՝ Արեւմուտքը սկսի նոր զինատեսակներ մատակարարել Սիրիայի ընդդիմությանը. «Մեծ վտանգ կա, որ սա դառնա Աֆղանստան երկու տարբերակը»:

Իսկ թուրք-ռուսական հարաբերությունները, նրա գնահատմամբ, լավագույն շրջանում չեն, որովհետեւ Սիրիայի հակամարտությանը ռուսական միջամտությունից Թուրքիան առաջին տուժողներից է. «Թուրքիան ուզում է Ասադին տապալելով բերել սունիների իշխանություն… կուզենայի թուրք-ռուսական հակամարտությունը խորանար, որովհետեւ որոշ ռուսական ծրագրեր, որոնք կնպաստեին Թուրքիայի ուժեղացմանը չեն իրականանա: Թուրքիան կամ Ռուսաստանը հետ կկանգնի: Այդ հակամարտությունն իր ազդեցությունը կունենա նաեւ ԼՂՀ հակամարտության վրա, իսկ եթե ռուս-թուրքական հակամարտությունը ավելի սրվի, շատ հնարավոր է՝ ռուսներն ավելի կակտիվացնեն Թուրքիայի ներսում խնդիրները»:

Արա Պապյանի խոսքով, Հայաստանը ռազմական լուրջ վտանգների առջեւ է կանգնած, որովհետեւ ռազմական գործողությունները մեր շրջապատում են, իսկ Հայաստանի կողմից համարժեք մոտեցում չի նկատվում, մինչդեռ ըստ նրա, աշխատանք էր պետք տանել. «Բայց մենք Սահմանադրական փոփոխություններով ենք տարվել, բայց դրա ոչ ժամանակն է ոչ էլ կարիքը կա»:

Նա չշրջանցեց նաեւ վերջերս Թուրքիայի ուղղաթիռների՝ Հայաստանի սահմանում հայտնվելու փաստը, ասաց՝ նման պատահականություններ չեն լինում. «Կարծում եմ՝ դա մեսիջ էր, որովհետեւ առնվազն կես ժամ են Հայաստանի սահմանում մնացել, ոչ թե չորսից հինգ րոպե, ինչպես ներկայացնում են: Արմավիրի բնակիչներն են պատմել, որ այնքան ցածր են եղել այդ ուղղաթիռները, որ նույնիսկ տեսել են օդաչուների դեմքերը: Իսկ դրա արձագանքն ի՞նչ եղավ, ընդամենը երեւաց մեր պաշտպանության խոցելիությունը, ռուսական պաշտպանական համակարգը չկարողացավ գործել: Գուցե ուզում էին ցույց տալ, որ պատրա՞նք է, որ ռուսական բանակը մեր պաշտպանությամբ է զբաղված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031