Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. ԵԱՏՄ ընդհանուր արժույթը Պուտինն է որոշելու

Հոկտեմբեր 20,2015 13:25

«ԵԱՏՄ-ու Հայաստանը ստանձնեց պարտավորություններ`ոչինչ չստանալով: Մտածում էինք, որ 170 միլիոնանոց շուկա կտա մեզ ԵԱՏՄ-ն, բայց անդամակցելուց հետո այդ շուկան փակվեց: Սրանք նոր եւ հետաքրքիր երեւույթներ են»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` խոսելով Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին:

Մյուս`եվրոպական թեւում, քաղաքագետը դրական է գնահատում այն իրողությունը, որ ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին մանդատ տվեց Հայաստանի հետ բանակցելու: «Մենք շանս ունենք նոր փաստաթուղթ ստորագրելու, քանի որ ԵԱՏՄ-ում մեր սպասելիքները չարդարացան: Դա է պատճառը, որ Հայաստանն ակտիվ շարունակում է աշխատել ԵՄ-ի հետ: Պարզ է, որ բանակցությունների մակարդակը նախկինի նման չի լինի, բայց կարեւորը գործընթացը չմարեց»,- ասաց նա`հավելելով, որ Բելառուսի եւ Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի բարյացակամ տրամադրվածության հարցում մեծ դեր խաղաց ՌԴ-ի կոշտ քաղաքականությունն այդ երկրների նկատմամբ: Ինչպես նաեւ, մուսուլման փախստականների հոսքը դեպի Եվրոպա, Բրյուսելին ցույց տվեց, որ քրիստոնյա ժողովուրդների առջեւ պետք չէ դռները փակել:

Նա կանխատեսեց, թե «ՌԴ-ն կփորձի խոչընդոտել, բայց ես վստահ եմ, որ երկրորդ մանդատը չի կորսվի: Նախ, քանի որ Հայաստանի տնտեսական վատ վիճակն էլ ավելի վատացավ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո»: Թեեւ շատերը դա կապում են ՌԴ-ում տնտեսական ճգնաժամի հետ, բայց Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ ՌԴ-ն 25 տարի ճգնաժամի մեջ է. «Նաեւ, կարծում եմ, որ ճիշտ կլինի ՌԴ-ի հետ բանակցել, տեղյակ պահել մեր գործողությունների մասին»:

2016-ի փետրվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Հայաստանին, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կղեկավարի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Որքանո՞վ է ընկալելի խիստ արեւմտամետ հայացքներով Տիգրան Սարգսյանի` այս պաշտոնում պաշտոնավարելը, արդյոք կապ ունի ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու հետ`հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Ընդհանուր արժույթը Պուտինն է որոշելու, բայց ՌԴ-Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները լարված են ու չեմ բացառում, որ ՌԴ-ին իր թեկնածությունը բավարարեց հենց այդ պատճառով: Տիգրան Սարգսյանը Եվրոպայի հետ լավ աշխատել է, կարող է կամուրջ հանդիսանալ»:

Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, տարածաշրջանում պատերազմական իրավիճակում, բանախոսը սահմանադրական բարեփոխումների հեղինակներին խորհուրդ է տալիս խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց առաջ շատ խորը մտածել: Նա օրինակ է բերում Մոլդովան ու Վրաստանը, որտեղ խորհրդարանական համակարգ է ու քսան տարի անընդհատ այդ երկրներն անկայուն վիճակում են: «Բոլոր պառլամենտական համակարգերը անկայունացման տարրեր պարունակում են` հաճախ կառավարություն է փոխվում եւ այլն: Նման համակարգը դրական է կայուն երկրների համար: Պառլամենտականը ազատության աստիճաններ տալիս է, բայց անկայունության էլեմենտն էլ շատ է: Պե՞տք է մեզ հիմա նման համակարգ` ուղղակի պետք է մտածել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031