Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակի պղնձամոլիբդենայինն օդը թունավորում է, բնապահպանության նախարարությունն ասում է՝ չենք կարող տեսչական ստուգում անել

Հոկտեմբեր 20,2015 13:19

Տեսչական ստուգումների հետ կապված կառավարության որոշումները խնդիրներ են հարուցում բնապահպանների ու հ/կ-ների համար, քանի որ նրանց բարձրացրած հարցերին կառավարությունն, ի դեմս բնապահպանության նախարարության, պատասխանում է՝ մենք իրավասություն չունենք այս կամ այն ընկերությունում տեսչական ստուգումներ իրականացնելու: Այսօր «Դիալոգ» ակումբում այս մասին ասաց «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը:

Ըստ նրա, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ տեսանյութ են տրամադրել բնապահպանության նախարարությանը, որտեղ խոսք է գնում շրջակա միջավայր թունավոր արտանետումների մասին, սակայն ստացել են պատասխան, որ նախարարությունը չի կարող այնտեղ տեսչական ստուգումներ կատարել, քանի որ օրենքը թույլ չի տալիս:

«Հասարակական կազմակերպություններն էլ չեն կարող մտնել ցանկացած հանքարդյունաբերողի մոտ ու սկսել ստուգումներ: Այդ պատճառով՝ խնդիրը հայտնաբերում ենք եւ փաստերով տրամադրում կառավարությանը, որպեսզի համագործակցելով լուծում ստանա: Մեր նպատակը միայն քննադատելը չէ, մենք ուզում ենք կառուցողական դաշտում աշխատել»:

Անդրադառնալով Ախթալայի պոչամբարին, որն արդեն բնապահպանական վնասներ է հասցնում շրջակա միջավայրին, չնայած որ նրա շահագործման ժամկետը մինչեւ 10-12 տարի է սահմանված, Բաբկեն Հարությունյանն ասաց, որ 5-6 տարին առավելագույն ժամկետն է պոչամբարի, որից հետո պետք է այն փակել, քանի որ պոչամբարն ավելի արագ է լցվում, քան նախատեսված էր. «Ախթալայի պոչամբարում ստեղծվել է աղետալի վիճակ»:

Կազմակերպությանը չի հաջողվել նաեւ ձեռք բերել Ախթալայի պոչամբարի վերաբերյալ ամբողջական քարտեզը. Նրանց տրամադրել են հինգ էջից բաղկացած քարտեզի միայն երեք էջը՝ պատճառաբանելով, որ մնացած երկու էջը գոյություն չունի:

«Սիվիլվոյսը» Շրջակա միջավայրի փորձաքննության մասին օրենքի վերաբերյալ էլ իր դիտարկումներն ու առաջարկություններն է ներկայացրել, քանի գտնում է, որ օրենքում մի շարք բացթողումներ կան, որոնք վտանգի տակ են դնում շրջակա միջավայրը, սակայն բնապահպանության նախարարությունից, Բաբկեն Հարությունյանի խոսքերով, անհասկանալի պատասխան են ստացել:

Aravot.am-ի հարցին, եթե կառավարությունը ձեռքերը լվանում եւ պատճառաբանում, որ որոշումները թույլ չեն տալիս հանքարդյունաբերողին ստուգել, ի՞նչ է պատրաստվում անել կազմակերպությունը, Բաբկեն Հարությունյանն ասաց, որ հետեւողական են լինելու ու գնալու են մինչեւ վերջ. անգամ դատական կարգով են հարցը բարձրացնելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031