Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Պահանջում եմ վերականգնել Վանաձորի երեկոյան լուսավորության նախկին ռեժիմը

Հոկտեմբեր 20,2015 12:51

Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ իր կարգադրությամբ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի երեկոյան լուսավորությունը 18:00-19:00-ից մինչև 23:00-ն միացնելու առնչությամբ:

Այս առիթով իմ համաքաղաքացիներից ստացել եմ բազմաթիվ բողոքներ և, ըստ այդմ, հայտնել եմ, որ.

Տնտեսումներ իրականացնելը ժամանակի հրամայականն է, սակայն դրանք անհրաժեշտ է իրականացնել այն ոլորտներում, որտեղ կա նման հնարավորություն և դա խնդրահարույց չի լինի քաղաքի բնակչության համար: Մասնավորապես, քաղաքի լուսավորությունը երեկոյան և գիշերային ժամերին հատկապես ձմռանը կրճատելը խիստ խնդրահարույց է բնակչության անվտանգության և հանցավորության աճի հետ կապված:

Մյուս կողմից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քաղաքում չափազանց շատ են անբարեկարգ փողոցները, ինչն իր հերթին կարող է գիշերային խավարում անցորդների կողմից վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսանալ: Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Վանաձորը, լինելով Հանրապետության 3-րդ քաղաքը, ամենախիտ բնակեցված բնակավայրերից է:

Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ Վանաձորը տուրիստների ներգրավման խնդիր ունի, սակայն եթե քաղաքը զուրկ է գիշերային լուսավորությունից, ապա այդտեղ չի կարող խոսք լինել գիշերային կյանքի մասին, հետևաբար դա ունի խիստ բացասական ազդեցություն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

Այսպիսով, կողմ լինելով համայնքային բյուջեի միջոցների տնտեսման գաղափարին, առաջարկել եմ տնտեսումներ իրականացնել առավելագույնս հարիր բնագավառներում, օրինակ՝ քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ուռճացված աշխատակազմի և այլ ոլորտներում, որոնց վերաբերյալ ծախսերը մշտապես քննադատության տեղիք են տվել:

Միաժամանակ ներկայացրել եմ, որպես տնտեսման խելամիտ տարբերակ, «LED» էներգախնայող լամպերի միջոցով քաղաքում լուսավորություն ապահովելու դեպքում էներգիայի և միջոցների խնայողության հաշվարկները:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջել եմ չեղյալ համարել խնդրո առարկա կարգադրությունը և Վանաձոր քաղաքում ապահովել պատշաճ լուսավորություն, ինչպես որ նախկինում էր՝ մինչև ժամը 01:00-ն:

Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031