«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը նյութեր է հավաքել 11-14-րդ դարերի Անիի ազգային խոհանոցի կերակրատեսակների մասին: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա ներկայացմամբ՝ իրենք եղել են Ռումինիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, որտեղ Անիից շատ հայեր էին տեղափոխվել, որոնք այսօր, թեև չեն խոսում հայերեն, բայց տոնական օրերին հայկական կերակրատեսակներ են պատրաստում:
Մամուլյանի խոսքերով՝ չքնաղ կերակրատեսակներ կան, օրինակ՝ ականջապուրը, պոչով ապուրը նման են Շիրակի մարզի որոշ ազգային կերակրատեսակներին:
Սեդրակ Մամուլյանն ասաց, որ այդ նյութերը պետք է թարգմանվեն, ի մի բերվեն. «Հսկայական աշխատանք է պետք անել, մի քանի մասնագետներ պիտի աշխատեն, մոտ 9 մլն դրամ է հարկավոր այդ ամենը ի մի բերելու եւ հրապարակելու համար»:
Մամուլյաննն ասաց, որ հույսը բարեգործներն են, Մշակույթի նախարարությունը հրաժարվել է աջակցել:
Կարդացեք նաև
Ըստ Մամուլյանի՝ ազգային խոհանոցն ազգային ինքնությունը պահպանելու գործոն է, օրինակ՝ Ռումինիայում մի մարդ, որը հայերեն չի խոսում, ասաց, որ ինքը ռումինացի է, բայց ծագումով հայ, իսկ հարցին, թե որտեղից գիտի, որ հայ է, վերջինս պատասխանել է, որովհետեւ մենք տոն օրերին ականջապուր ենք պատրաստում:
Մանրամասն` տեսանյութում
Ըստ Մամուլյանի՝ այսօր շատ երիտասարդներ սիրով ընտրում են խոհարարի մասնագիտությունը, սակայն հայկական խոհարարական ձեռնարկի խնդիր կա: Խորհրդային տարիների գիրքը վերցվել եւ թարգմանվել է, սակայն այն իրականում ազգային կերակրատեսակներ չի ներկայացնում. «Ինչու պետք է հայ խոհարարը սովորի պատրաստել կիեւյան կոտլետ եւ չսովորի բազմաթիվ կերակրատեսակներ»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք հայկական ռեստորանները օտարերկրյա զբոսաշրջիկներին մատուցո՞ւմ են ազգային կերակրատեսակներ, Մամուլյանն ասաց. «Հայկական տարազով խաչապուրի ու խինկալի են տալիս օտարերկրացիներին, տուր- օպերատորները իրենք են ընտրում՝ ինչ կերակուր մատուցեն օտարերկրյա զբոսաշրջիկներին, ինչ գիտեն դա են հյուրասիրում, ինչ հարմար է, դա են մատուցում, խաչապուրին ու խինկալին կապ չունեն հայկական խոհանոցի հետ»: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ տուր- օպերատորները հաճախ պատճառաբանում են, որ օտարերկրացիներին նշված կերակրատեսակներն են մատուցում, որպեսզի ստամոքսի խանգարում չունենան, ծանր սնունդ չլինի, քանի որ զբոսաշրջիկները անընդհատ ճանապարհին են, իսկ հայկական կերակրատեսակները ծանր են՝ Մամուլյանն ասաց. «Սուտ է, հայկական կերակրատեսակներն յուրահատուկ են: Մենք ունենք 12 տեսակի վայրի խոտաբույսերից պատրաստվող կերակրատեսակներ, որոնք ոչ միայն թեթեւ են,այլ նաեւ շատ օգտակար: Այն ռեստորանները, որոնք մեր կազմակերպության անդամ են՝ անպայման ազգային խոհանոցի կերակրատեսակներ են մատուցում: Ցավոք մեզ մոտ խոհարարական զբոսաշրջությունը չի զարգանում, մինչդեռ մենք ունենք հրաշալի, չքնաղ ազգային հետաքրքիր կերակրատեսակներ, որոնց միջոցով կարող ենք զբոսաշրջիկներ ներգրավել»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ