Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որ դեպքում բացահայտել աղբյուրը. «Քննիչները սովորույթ են դարձրել հրավիրելու լրագրողներին՝ որպես վկա»

Հոկտեմբեր 20,2015 12:23

Այսօր Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով քննվեց իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արայիկ Ղազարյանի դիմումը «Հրապարակի», ինչպես նաեւ Տիգրան Եգորյանի եւ Լուսինե Հակոբյանի դիմումը՝  iLur.am կայքի հարցով: Դիմումի նպատակն է պարզել այն նորմերի սահմանադրականությունը, որոնց հիման վրա պարտադրվել է լրատվամիջոցին բացահայտել աղբյուրը:

ՍԴ-ում գործով զեկուցող է նշանակվել Արայիկ Թունյանը: Որպես պատասխանող կողմ է ներգրաված ԱԺ աշխատակազմի իրավախորհրդատվական բաժնի մասնագետը:

Պարոն Թունյանը նշեց, որ գործը գրավոր ընթացակարգով քննելու համար բոլոր փաստաթղթերը ներկայացված են, ուստի դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

 

SD_Zeynalyan

Իրավապաշտպանները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ օրենքը յուրովի մեկնաբանությունների տեղիք է տալիս ու խնդիրներ են առաջանում, ուստի պետք է Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը:

Ըստ Արտակ Զեյնալյանի, աղբյուրը պետք է բացահայտվի բացառապես դատական կարգով, այն էլ՝ ծայրահեղ դեպքերում. «Այստեղ նախաքննության մարմինը փորձեց ուղի հարթել՝ սա դատարանում քննության առնելու համար, դատարաններն էլ հաստատեցին ըստ էության, այսինքն, դակեցին դա: Այն ընթացակարգերը, որոնք նախատեսված են նամակագրության գաղտնիության բացահայտման համար, օգտագործվեցին տեղեկատվության աղբյուրի բացահայտման վարույթի համար, ինչն անթույլատրելի է: Իրավական բաց կա, սա ինքնին հակասահմանադրական վիճակ է, որն անհրաժեշտ է հաղթահարել»:

zeynalyan_2 zeynalyan_3

Արայիկ Ղազարյանի խոսքերով՝ «Վերջին տարիներին արատավոր երևույթ կա, քննիչները սովորույթ են դարձրել հրավիրելու լրագրողներին՝ որպես վկա, ոնց որ լրագրողը դառնում է գործակալ: Երեկ էլ մի լրագրող ասաց, որ իրեն էլ են հրավիրել, թե պատմի՝ քեզ որտեղից այդ ինֆորմացիան: Ժողովրդավարական սկզբունքներին դեմ է այս պրակտիկան: Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ որոշ դեպքերում կարող են պահանջ դնել աղբյուրը բացահայտելու, ուրեմն դրա համար եկեք մշակենք անհրաժեշտ կառուցակարգեր, որոնք լրագրողին կտան աննախադեպ երաշխիքներ: Ես չգիտեմ, ՍԴ-ն կհիմնվի՞ միջազգային պրակտիկայի վրա, թե՞ ոչ: Կարծում եմ, ՍԴ-ն նման պրակտիկա ունի, ուստի կհիմնվի: Հուսով եմ, ՍԴ-ն կասի, որ ինքնին երեւույթը հակասահմանադրական չէ, բայց դրա կիրառության եղանակը հակասահմանադրական է, քանի որ չկան անհրաժեշտ կառուցակարգեր, որոնք կապահովեն լրագրողների համար որոշակիություն: Այսօր Քրդատում այն արտահայտությունը, որից ծնվեց այս ամբողջ պատմությունը, այն է՝ «այլ տեղեկություններ», որը կարող է մեկնաբանվել այնպես, թե դրա տակ կարող է լրատվական աղբյուրը մտնել, չի ապահովում լրագրողի համար որոշակիություն: Սա վարույթ իրականացնող մարմնի սեփական մեկնաբանությունն է, իսկ մենք ուզում ենք տեսնել ՍԴ-ի կողմից մեկնաբանություն»:

Հարցին՝ լուծումը ո՞րն եք տեսնում, ո՞ր դեպքում լրագրողը պետք է բացահայտի աղբյուրը եւ որ դեպքում՝ ոչ՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Լեգիտիմ նպատակ է, արդար նպատակ է, երբ տեղեկատվության աղբյուրը բացահայտվում է 3 դեպքում: 2 դեպքը վերաբերում է ծանր, նախապատրաստվող հանցագործությունների բացահայտմանը, որոնք դեռեւս չեն կատարվել, եւ 3-րդ դեպքը վերաբերում է ծանր հանցագործության մեջ մարդուն արդարացնելու համար, այն էլ այն դեպքում, երբ սպառվել են մնացած բոլոր միջոցները: Ազատ խոսքը խոսքի ազատության երաշխիքն է եւ կարեւորագույն իրավունքն է»:

Արայիկ Ղազարյանը նշեց, որ խոսքի ազատության առումով Հայաստանը բավականին լավ դիրքերում է վերջին տարիներին, բայց եթե ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի եւ այդ հակասահմանադրական վճիռները կիրառվեն՝ բավականին լուրջ հետընթաց կլինի եւ հնարավոր է դա կապվի նաեւ Հայաստանի՝ քաղաքական կուրսը փոխելու՝ ԵՏՄ մտնելու հետ, ինչը մեր պետությանն ընդհանրապես ձեռնտու չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031