Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թբիլիսիում կայացավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված ցուցահանդես. armenian-community.ge

Հոկտեմբեր 20,2015 12:15

Հոկտեմբերի 16-17-ին Վրաստանի Հայ Համայնքի աջակցությամբ Թբիլիսիի Խորհրդարանի Գրադարանի Մեծ սրահում կայացավ թբիլիսահայ մանրանկարչուհի Գոհար Հակոբյանի մանրանկարների երկօրյա ցուցահանդեսը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, Վրաստանում ՀՀ փոխդեսպանը, վրացի արվեստագետներ, մշակութային գործիչներ, հայ և վրացի ուսանողներ:

Գոհար Հակոբյանը ծնվել է Թբիլիսիում: Մանկությունն անցել է Թիֆլիսյան հին թաղամասում` Արծաթյա փողոցում, Սբ.Նշանի բակում: Մայրական գծով նրա նախնիները Ղարսից են, Փալդավան գյուղից:

«Ես կրթությամբ նկարչուհի չեմ: Նկարել եմ 3 տարեկանից: Թեկուզև ողջ կյանքում չեմ զբաղվել նկարչությամբ, բայց այն միշտ եղել է ինձ հետ: Իմ առաջին առնչությունը մանրանկարչության հետ սկսվել է մի ձեռագիր մատյանից, որը գրված է եղել 1288թ. Արճեշ գյուղում` Վանից ոչ հեռու: Այն գտել էր պապիկիս ընտանիքը, տուն կառուցելու շինարարական աշխատանքների ընթացքում, կաշվե տոպրակի մեջ պահած: 1971 Մատենադարանից պատվիրակություն է գալիս ուսումնասիրելու այդ ձեռագիրը: Փող էին առաջարկում, բայց իմ տատիկն ասում էր. «Էրեխեքիս տարե՛ք, գիրքը չեմ տա»:

Ես, իհա´րկե, իմ աշխատանքներում հետևում եմ միջնադարյան մանրանկարչության ընդհանուր սկզբունքներին, բայց միաժամանակ իմ գործերը շատ ինքնուրույն են, ես գտել եմ իմ ոճը, քանի որ միայն նկարներ պատճենելով մանրանկարչությունը չի կարող զարգանալ», -«Միության» հետ զրույցում ասաց Գոհար Հակոբյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան «Վրաստանի Հայ Համայնք»-ի նախագահ Սամվել Մկրտչյանը, հայտնի վրացի արվեստագետ Նինո Քավթարիան և ինքը` մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը:

«Ցեղասպանությունը մի սարսափելի բան էր, որը կատարվեց հայ ժողովրդի հետ, և այն բավականին ետ մղեց հայկական մշակույթի զարգացման ընթացքը: Ինձ շատ դուր եկան տիկին Գոհարի աշխատանքները, ես նրանցում ինքնուրույնություն նկատեցի, գեղեցիկ գունային գամա: Լավ է, որ նման մշակութային միջոցառումներ են իրականացվում, որոնք խթանում են երիտասարդների հետաքրքրությունը դեպի արվեստ», -«Միության» հետ զրույցում ասաց Վրաստանի Ձեռագրերի Ազգային Կենտրոնին կից Արվեստի պատմության դեպարտամենտի ղեկավար, արվեստագիտության դոկտոր Նինո Քավթարիան:

Ցուցահանդեսի ավարտին զրուցեցինք միջոցառման կազմակերպման պատասխանատու Լուսինե Աստոյանի հետ. «Տիկին Գոհարը մեր Համայնքի բավականին ակտիվ անդամներից մեկն է: Մենք սիրով համաձայնեցինք ստանձնել Մեծ Եղեռնին նվիրված այս միջոցառման նախապատրաստական աշխատանքները: Պետք է նշեմ, որ տիկին Գոհարը տաղանդավոր նկարչուհի լինելուց բացի, նաև շատ հետաքրքիր անձնավորություն է, բոլորիս համար շատ հաճելի էր նրա հետ աշխատելը, կարծում եմ` միջոցառումը կարելի է համարել հաջողված», -ասաց ո թիֆլիսահայ ուսանողուհի Լուսինեն:

https://armenian-community.ge/News/1420

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031