Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդ՝ ոչինչ չանող օղակ, որը պետք է լուծարել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 20,2015 11:38

Հանրային խորհրդի կատարած աշխատանքի արդյունքի եւ արդյունավետության մասին։ 7 տարի է՝ գործում է այդ խորհուրդը։ Ի՞նչ կարեւոր հարցեր են լուծվել Խորհրդի նախաձեռնությամբ։ Եթե Խորհրդի անդամներին հարցնես, կասեն, որ անթիվ-անհամար հարցեր են քննարկել, մի այդքան էլ որոշումներ են ընդունել, շատ-շատ են չարչարվել ի փառս մեր հանրապետության։ Իսկ այդ որոշումներն օգնե՞լ են լուծելու մեր հանրությանը հուզող բազում հարցերից գոնե մեկը՝ արտագաղթ, կոռուպցիա, գործազրկություն, աղքատության բարձր տոկոս, տնտեսության զարգացման իսպառ բացակայություն։ Թե՞ այս կարգի խնդիրները Հանրային խորհրդի քննարկման ենթակա չեն, քանի որ, ինչպես իրենք են ասում, լծակներ չունեն։ Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով քննարկումների ժամանակ, որին, ի դեպ, Խորհուրդը միացավ բավականին ուշացումով, Խորհրդի նախագահը ծաղրում էր հենց իր գլխավորած հաստատությունը, թե 10 հատ տանկ ունեն այդ խնդիրները լուծելու համար։

Իսկ գուցե իրենք պետք է քննարկեն միայն այնպիսի անշառ հարց, որպիսին է օդանավակայանի հին շենքը քանդե՞լ, թե՞ վերանորոգելու հարցը։ ՀԽ անդամների խոստովանությամբ՝ իրենք հոգնել են մի 5-6 անգամ այս «շատ կարեւոր» հարցը քննարկելուց, քանի որ օդանավակայանի հին շենքն ուզում են պահպանել որպես ճարտարապետական կոթող։ Ավելի ճիշտ կլիներ, թերեւս, այս հարցը քննարկման դնել մշակույթի նախարարությանը կից հասարակական խորհրդում:

Իսկ ինչո՞ւ Հանրային խորհուրդը չի կարող քննարկել վերը նշված կարեւորագույն հարցերը եւ համապատասխան որոշումներ ընդունել։ Այդ խնդիրների լուծումների ուղղությամբ լծակնե՞ր չունեն, թե՞ իշխանություններին այդ հարցերում նեղելու կամ հակադրվելու ցանկություն։ Երկու դեպքում էլ, ելնելով Խորհրդի անպտուղ եւ անիմաստ գործունեության արդյունքից, Հանրային խորհրդի նախագահի եւ անդամների կողմից բարոյական քայլ կլինի ինքնակամ հրաժարական ներկայացնելը եւ այդ Խորհուրդ կոչված ավելորդությունը լուծարելու հարց բարձրացնելը։

Ժամանակին նրանցից մի քանիսն Ազգային ժողովում եւ այլուր թմբկահարում էին մազութը լափելու մասին։ Մեզ՝ հանրության ներկայացուցիչներիս համար որեւէ տարբերություն չկա մազութ լափողի եւ հանրային բյուջեի գումարները չարդարացված աշխատավարձերի, ավտոմեքենաների, գույքի, վառելիքի, գործուղումների, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերի ձեւով լափողի միջեւ։ Իսկ բյուջեից այդ հատկացումների գումարները պատկառելի թվեր են կազմում:

Վարդան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031