ՀՀ սահմանադրությունում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Երեխաների համար, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, պետությունն արդեն իսկ ձեռնարկել է համապատասխան քայլեր: Ժամանակի ընթացքում ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները պետք է սովորեն իրենց հասակակից բոլոր աշակերտների հետ նույն դպրոցներում: Արմավիրի մարզում Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից ուսուցչական կազմը վերապատրաստվում է` ներառական կրթությունը բարձր մակարդակով ապահովվելու համար:
Aravot.am-ը զրուցեց Էջմիածնի պատվավոր քաղաքացի, Հետազոտող ուսուցչի որակավորում ստացած, և շուրջ չորս տասնամյակ մանկավարժական գործունեություն իրականացրած, այժմ ԿԱԻ Արմավիրի մարզային մասնաճյուղի մաթեմատիկայի մասնագետ Ջանիբեկ Հարությունյանի հետ: «Բավականին բարդ, պատասխանատու գործ է սա: Բայց ես ողջունում եմ կրթության ոլորտում ներառական կրթության կարևորությունը, քանի որ սա ճիշտ քայլ է լիարժեք հասարակություն ձևավորելու համար: Այս տարի Արմավիրի մարզում 21 դպրոց ներկայացվել է ներառական դառնալու համար: Եվ մենք`Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներս, աշխատանքներ ենք իրականացնում` մանկավարժներին վերապատրաստելու համար»:
Մեզ հետ զրույցում Ջանիբեկ Հարությունյանը նկատում է, որ մեր հասարակության մեջ բավականին շատ երևույթներ փոխվել են: Եթե նման բան լիներ սրանից մի քանի տասնամյակ առաջ`պատկերն ավելի մռայլ կլիներ: Բավականին դժվար է` ինչպես մանկավարժի, աշակերտի, այդ թվում նաև ոլորտի պատասխանատուների համար:
«Արմավիրի մարզում իրականացվող աշխատանքները, ինձ թվում է, կտան ցանկալի արդյունք: Ես, մաթեմատիկայի մասնագետ, շատ լավ հասկանում եմ ուսուցիչներին, թե ինչքան դժվար է աշխատել միևնույն ժամանակ տարբեր կարողությունների տեր երեխաների հետ: Բայց թե միջազգային փորձը, և մեր տարիների աշխատանքը ցույց են տալիս, որ հասարակությանը ի վերջո պետք է ինտեգրել, և հասարակ դարձնել նման երևույթի առկայությունը»,-ասում է Ջ. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Հայկ ՄԱԳՈՅԱՆ