Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ՄԻԵԴ վճռով ամրագրվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 19-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր, հանրապետության նախագահը ներկայացրել է Ղազախստան իր այցի արդյունքները:
«Պարոն նախագահը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների նախագահների խորհրդի նիստին, այնուհետեւ Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին: Երկու նիստերն էլ մենք գնահատում ենք դրական, արդյունավետ, մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության մեջ եւ պետք է խորացնենք այդ հարաբերությունները, եւ բնականաբար, նաեւ քաղաքական բաղադրիչը նաեւ ԱՊՀ անդամ երկրների հետ ավելի կզարգանա»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ անդրադարձել են նաեւ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին. «Մենք գտնում ենք, որ Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատի վճիռը անհամեմատ ավելի դրական էր մեզ համար, քան ստորին պալատինը: Եվ սա ձեռքբերում է, եւ արդարացված էր Հայաստանի Հանրապետության մասնակցությունը, ներգրավումը այս գործին որպես երրորդ կողմ: Եվ եթե ստորին պալատի որոշման մեջ կային մեզ համար անընդունելի ձեւակերպումներ, որով նույնիսկ հարցականի տակ կարող էին դնել ցեղասպանության եղելությունը, ապա Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատի որոշումը մենք միանշանակ բարձր ենք գնահատում, ձեռքբերում էր, որովհետեւ այնտեղ դատավորներից մեկը հարցականի տակ չառավ Հայոց ցեղասպանության եղելությունը: Ավելին՝ ամրագրվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ