Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիան կազմակերպող «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամների կարծիքով՝ դատախազության ներկայիս գործելակերպի նպատակն է վախեցնել ցուցարարներին:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսյան բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործը վերաբացվել է։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն քրեական գործը ժամանակին կարճել էր:
Aravot.am-ը «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է այս որոշման պատճառը: Մաքսիմ Սարգսյանը վստահեցրեց, որ դատախազությունը ցանկանում է իրենց վախեցնել, բայց չի ստացվելու, իսկ մնացած միտումները հետագայում կերևան:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այս որոշումը կապվա՞ծ է սահմանադրական փոփոխությունների դեմ սկսված արշավի հետ, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Նպատակ ունեն հենց վախեցնելու, որ գալիք ցույցերին մարդիկ ավելի վախեցած լինեն իրենց պատկերացմամբ, բայց համոզված եմ, որ նման բան չի լինի»:
Ըստ Մաքսիմ Սարգսյանի դատական տարբեր օղակներ իրարից անկախ որոշումներ են կայացնում: Այս առիթով նա մանրամասնեց. «Տուն-տունիկ են սարքել համակարգը»:
Նշենք, որ վերահսկող դատախազը հիմնավորել է, որ չեն պահպանվել «գործի արդարացի քննության» պահանջները (Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդված), «բացահայտված հանգամանքներին քննիչի կողմից չի տրվել քրեաիրավական գնահատական»: Կատարվածն էլ որակվել է որպես խուլիգանություն:
Այս առիթով Մաքսիմ Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «եթե խուլիգանություն եղել է, միայն ոստիկանության ներկայացուցիչների կողմից, իսկ իրենց բողոքը արտահայտելու իրավունքն իրացնելու դուրս եկած ոչ մի քաղաքացի իրեն խուլիգանություն թույլ չի տվել»:
Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց վերաբացել քրեական գործը, Մաքսիմ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ իր համար երբևէ զարմանալի չէր լինի, ու եթե ուզենային, հինգ տարի հետո էլ կբացեին, քանի որ մեր իրավական համակարգն այնքան վատ վիճակում է, որ ում քեֆը, երբ տալիս է այդ ժամանակ էլ բացում են»:
Դիտարկմանը՝ գուցե դատախազությունը նպատակ ուներ ոստիկանության դե՞մքը փրկել, քանի որ ոստիկանությունն ի սկզբանե ցուցարարների արարքները խուլիգանություն էր վերագրել, այնուհետև ՀՔԾ-ն կարճեց գործը, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Դեմք չի փրկում, դեռ մի բան էլ ավելի խայտառակ վիճակն է ցույց տալիս, որ ոստիկանությունը ի վիճակի չէ հասկանալ որտեղ կա խուլիգանություն, որտեղ ոչ և վարույթը մինչև վերջ տանելու տարրական գիտելիքներ էլ չունի»:
Մաքսիմ Սարգսյանը տեղեկացրեց, որ դեռ իրեն ու իր ընկերներին ոչ մի տեղից չեն զանգել կանչել, դեռ նոր զարգացումներ այս առումով չկան:
Իրենց հետագա քայլերի մասին Մաքսիմ Սարգսյանը գերադասեց մանրամասներ չհայտնել, քանի որ սպասում են, թե ինչ հետագա քայլերի են դիմելու իշխանությունները: Բայց վստահեցնում է, որ համագործակցելու են սահմանադրական փոփոխություններին դեմ ճակատի հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ