Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ներկայացվեց «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որը միտված է ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Նախագծի երաժշտական խմբագիր, կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձայնագրվել է Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի 550 ժողովրդական երգ՝ շարականներ, տաղեր, մեղեդիներ, գործիքային նվագներ. «Բոլոր երգերի համար գրվել են բացատրություններ, նոտաներ եւ լատիներեն տարբերակներ:
Ստեղծվել է նաեւ 550 նկար՝ յուրաքանչյուր երգի համար: Այսպիսի բան աշխարհում ոչ մի ժողովուրդ դեռեւս չի արել: Նախագծի շնորհիվ կարող ենք լսել եւ տեսնել ազգային երգի լավագույն նմուշները ու ունենալ դրանց նոտաները՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն»: Նախագծի շրջանակում նաեւ լույս է տեսել «1000 ու մի խաղ» ժողովրդական երգերի ժողովածուն, որն ամփոփում է Կոմիտասի 100 լավագույն երգերը. «Կոմիտասի կենդանության օրոք նրան գումար չեն տրամադրել՝ երգերը հրատարակելու համար: 110 տարի անց մենք լույս ընծայեցինք ժողովածուն»,-ասաց Արթուր Շահնազարյանը:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը հրատարակության է պատրաստում նաեւ Կոմիտասի 930 էջանոց ժամագիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 140 տարի առաջ: Կոմիտասագետը փաստեց, որ նախագիծը մեծ արձագանք է ստացել. շատերն առանձին երգեր տարածում են սոցիալական ցանցերում. «Facebook-ում մայրերը օրորոցայիններն են տեղադրում, այսինքն՝ Armenianmusic.am-ում յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախընտրածը՝ սիրո, հարսանիքի, բնության երգեր, «Սասունցի Դավիթ» էպոսի երգերը եւ այլն: Կոմիտասը գրառել է 3000 երգ, որոնից պահպանվել է մոտ 1500-ը, իսկ 1250-ը երբեւէ չեն կատարվել: Այդ երգերից էլ նույնպես ձայնագրել ենք, նախատեսում ենք առաջիկայում եւս ձայնագրել»,-հավելեց Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ համացանցում այսուհետեւ հայկական երգեր որոնելիս օգտատերերը կգտնեն ոչ թե մեր հարեւանների, այլ հայկական ժողովրդական երգերը: «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը կյանքի է կոչվել 2 տարում, բայց ձայնադարանը շարունակվում է համալրվել:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ