Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել

Հոկտեմբեր 19,2015 17:47

 Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը

Գ․Նժդեհ

Հայաստանում ապախորհրդայնացումը, ի տարբերություն մնացած խորհրդային հանրապետությունների, ունեցավ իր առանձնահատկությունը։ Իշխանափոխություն իրականացնող ուժերին անհրաժեշտ էր հասարակության առաջ ստվերել նախորդ իշխանություններին, նրանց կառավարման մեջ ցույց տալով այնպիսի հակաժողովրդական արարքներ, որոնց բացահայտումն իրենց հնարավորություն կտար վերցնել իշխանությունը։ Զարգացած քիմիական և մետալուրգիական արտադրություններ ունեցող երկրում դրանք բնապահպանական խնդիրներն էին։

Կարճ ժամանակահատվածում հասարակական ճնշում առաջացնելու միջոցով աշխատանքները դադարեցրին հանրապետության բյուջեն ձևավորող և միջազգային շուկայում մեծ համբավ ունեցող առաջատար ձեռնարկությունները: Սեփական էներգետիկ ռեսուրսներով իր պահանջները բավարարել չկարողացող պետությունում դադարեցվեց նաև ատոմակայանի աշխատանքը, որը, ինչպես ցույց տվեց պատերազմով պայմանավորված տնտեսական բլոկադան, աններելի սխալ էր։

Իշխանափոխությունից հետո կազմավորված նոր պետության տնտեսավարման կարգով պայմանավորված սկսվեց հանրապետության ձեռնարկությունների մեծ մասի ապապետականացումը։ Նորահայտ ձեռնարկատերերի մեծ մասը այդ ձեռնարկություններն աշխատեցնելու, կամ սկզբնական փուլում տեխնիկական վերազինմամբ զբաղվելու փոխարեն սկսեցին ապամոնտաժման աշխատանքների իրականացմամբ վաճառել այդ ձեռնարկությունների գույքը (սարքավորումները)։

Իշխանությունները նման աշխատաոճն ոչ միայն չէին արգելափակում, այլ հենց իրենք էին նպաստում նման ձևով երկրի տնտեսության քայքայմանը։ Այսպես, հանրապետության ներսում արտադրվող պղնձի խտանյութով աշխատող Ալավերդու Լեռնամետալուրգիական կոմբինատի համար, որի արտադրանքով աշխատում էին նաև Հայաստանի մալուխի երկու գործարաններ, ստեղծվել էր պետական Լուծարման հանձնաժողով։ Եթե նույնիսկ և այս, և այլ ձեռնարկությունների աշխատանքներում կային բնապահպանական խախտումներ, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի փոխել մեղավոր գլխավոր մասնագետներին՝ եթե այդպիսիք կային, կամ կատարելով համապատասխան տեխնիկական վերակառուցում, առաջացնել պայմաններ պահպանելու միջազգային շուկայում մրցունակ արտադրանք տվող ձեռնարկությունների գործունությունը։

Հետագայում կգտնվեն մարդիկ, որոնք ձեռնարկությունների աշխատանքների մասսայական դադարեցման հիմնական պատճառը կփորձեն բացատրել պատերազմով և բլոկադայով, դրանով իսկ թաքցնելով այդ ժամանակվա իշխանությունների ապաշնորհությունն ու ապապետականացման ենթակա պետական ձեռնարկությունների նկատմամբ թալանման նպատակով կատարած նրանց գործողությունները։

Այստեղ տեղին է հիշատակել աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի կողմից Հայաստանի զարգացման խնդրի դիտարկումն իր և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած հայտնի «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) աշխատության տեսանկյունից, ըստ որի՝ պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ նախևառաջ քաղաքական ինստիտուտները: Ըստ Աճեմօղլուի տեսության՝ «այդ ինստիտուտները լինում են ներառող (inclusive) և քամող (extractive), և հաջողում են այն ազգերը, որոնք ունեն ներառող քաղաքական ինստիտուտներ, և հակառակը՝ ձախողում են նրանք, որոնց ինստիտուտները քամող են: Խնդիրը, որ Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է։ Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա, այլ դառնա հասարակություն, որը շատ ավելի մեծ խթաններ կապահովի իր քաղաքացիների մեծամասնության համար, որպեսզի այն կարողանա համախմբել այն նշանակալից ներուժը, որն ունի»:

Սկսած անկախ պետության կայացման սկզբնական շրջանի տարիներից մինչև այժմ պետական ապարատում աշխատած ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի ասի, որ ինչ – ինչ պատճառով առանձին ձեռնարկությունների աշխատեցնելու անհնարինության դեպքում կարելի էր այդ ձեռնարկությունների աշխատանքը հետագայում վերագործարկելու իմաստով, ունեցվածքի պարտադիր պահպանմամբ, ժամանակավորապես սառեցնել, ոչ թե համաժողովրդական սեփականությունը բնապահպահման կամ երկրի բլոկադայի պատճառաբանությամբ չաշխատեցնելով և հետագա աշխատեցման նպատակով չպահպանելով ենթարկել մաս-մաս վաճառքի, այսինքն՝ թալանման, դրանով իսկ նպաստելով երկրի տնտեսական վիճակի վատթարացմանը։

Շարունակական առաջացավ գործազուրկների մեծ բանակ։ Աշխատանքից և ապրելու համար անհրաժեշտ եկամուտից զրկված ազգաբնակչության, այդ թվում նաև չաշխատող և ապամոնտաժված ձեռնարկությունների մասնագետների համար հարկադրական արտագաղթի սկիզբ դրվեց։ Թվում է, թե Լի Կուան Յուն այս խոսքերն ասել է հենց մեր դեպքի համար (նա ղեկավարել է Սինգապուրը շուրջ 30 տարի՝ 1959-թվից մինչև 1990 թվականը և համարվում է սինգապուրյան հրաշքի ճարտարապետը). եթե ճիշտ չկառավարես երկիրը, բոլոր խելացի մարդիկ կհեռանան:

Այս պարագայում ավելի քան ակնհայտ էր իշխանական բուրգի գագաթին հայտնված և նույնիսկ աշխատանքային փոքր խումբ չղեկավարած մարդկանց կողմից պետության ճիշտ ղեկավարման ․․․․․խնդիր ունենալը։ Հիմա դժվար է ասել, ընչաքաղցությունն էր պատճառը, անպատժելիությունը, թե՞ կառավարման արվեստին չտիրապետելը, բայց եղավ այն, ինչ եղավ։ Այդ իմաստով պատերազմի ընթացքում հակառակորդը մեր տնտեսությանը այնքան վնաս չբերեց՝ նրա կողմից մեր ձեռնարկությունները չթալանվեցին կամ չռմբակոծվեցին, ինչքան որ տնտեսության քայքայմանը նպաստած ներսից ստացած նշված հարվածները։

Կարելի՞ էր այդ ամենը կանխել։ Իհարկե։ Ընդամենը պետք էր ձեռնարկությունները սեփականաշնորհվեին որոշակի նախնական պայմանով, այն է՝ երկիրը տնտեսական ցնցումներից ապահովագրելու համար միջազգային շուկայում պահանջարկ ունեցող և մրցունակ արտադրանք թողարկող ձեռնարկությունների ապագա տերերին պարտավորեցնել որոշակի ժամանակի ընթացքում դրանք պարտադիր աշխատեցնել, անհրաժեշտության դեպքում կատարելով ընթացքային վերակառուցում։ Այդպես երկրի տնտեսությունը կաշխատեր սահուն, իր հետ առաջ մղելով գիտությանը, արվեստին, սպորտին։ Ինչու՞ ամեն ինչ դասավորվեց այս կերպ, որ ձևով որ չարեցին խորհրդային նախկին հանրապետություններից և ոչ մեկը, այն դեպքում, երբ որ մենք, հայերս, մեր մեջ տաղանդավոր մարդիկ շատ ունենք։ Որպեսզի երկրի զարգացումը դրական ուղղություն ունենար, երկրում պետք է գործեին «խաղի» այլ կանոններ։ Որպես պարտադիր պայման հենց սկզբից երկրի պետական վերնախավում պետք է գտնվեին համապատասխան գիտելիքներով և երկրի տնտեսության ուժեղացման մեջ մտահոգ պետական մարդիկ։ Նրանք երկրում գործարարի կողմից կատարվող աշխատանքում պետք է կարողանային իրենց անձնական հավակնությունները զսպել, ոչ թե օգուտ քաղելու ձևեր փնտրել։ Նրանք պետք է իրենց աշխատանքում լինեին տնտեսության զարգացմանը նպաստողի և արգելքներ վերացնողի, ոչ թե իրենց սեփական օգուտի մարմաջով տարված՝ գործարարների համար արհեստական բարիկադներ և մենաշնորհային տնտեսություն ստեղծողների դերում։

Արդյունքում արդյունաբերությունը հայտնվեց աղետալի վիճակում, և որ ամենավատն է, նույնիսկ նշված սխալներից տարիներ հետո երկիրը հումքային կցորդի կարգավիճակից դուրս բերելու և արդյունաբերությունը գոնե խորհրդային ժամանակի մակարդակի հասցնելուն ուղղված նկատելի քայլեր մինչև հիմա չեն նկատվում։

Այս ամենի հետ, իհարկե, պետք է նաև նշել, որ երկրի  տնտեսության առանձին բնագավառներ, որոնք զարգացման համար երկարաժամկետ ֆինանսական ներդրման անհրաժեշտություն չունեին, ունենալով իշխանական որոշակի հովանավորչություն, զարգացում ապրեցին։ Դրանք հիմնականում սպասարկման ոլորտից են՝ առևտուր(խանութներ և սուպերմարկետներ), հյուրանոցներ, ռեստորաններ, բանկային համակարգ, բուժ․ հիմնարկներ, գյուղ․ մթերքներ մշակող ձեռնարկություններ։ Այս շարքից դուրս հաճելի բացառություն կարելի է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայաստանյան ձեռնարկությունների հաջողությունները։ Այս բնագավառը միայն իրեն հատուկ առանձնահատկությամբ կարողացավ լինել իշխանությունների կողմից չվերահսկվող, այդ իմաստով էլ՝ մշտապես պաշտպանված։ Նրա շուկան ամբողջ աշխարհն է, որի հետ աշխատանքային կապը բնագավառի մասնագետները կարողանում են իրականացնել առանց Հայաստանից դուրս գալու, համացանցի միջոցով։

Աշխարհը հերթական տնտեսական ճգնաժամի մեջ է։ Ելնելով ռեալ իրողությունից պետք փաստել, որ պատերազմում հաղթանակած Հայաստանն էլ իր հերթին կրկնակի ճգնաժամի մեջ է՝ մեր տնտեսական ցուցանիշները ներկա պահին ավելի քան ողբերգական են։ Ազգաբնակչության արտագաղթը շարունակվում է աճող պրոգրեսիայի սկզբունքով։ Հեռացողների ճնշող մեծամասնությունը հեռանում է երկրում տիրող տնտեսական վիճակից ու կառավարումից դժգոհ վիճակում։ Նրանց զգալի մասը էլ չի վերադառնա, երկրի համար հանդիսանալով անդառնալի կորուստ։ Այս պարագայում չէր խանգարի վերհիշել Պյոտր Ստոլիպինի խոսքերը՝ ,,Մի ազգ, որ զուրկ է ազգային ինքնագիտակցությունից՝ գոմաղբ է այլ ազգերին պարարտացնելու համար,,։ Միթե՞ դա է լինելու մեր, հայերիս դերն ազգերի շարքում։ Ներկա իշխանությունների նկատմամբ վստահություն չունեցող հայկական սփյուռքն իր կապիտալով այդպես էլ չմտավ մեր տնտեսության մեջ։ Արդյունքում զգալիորեն պակասել են դրսից եկող ֆինանսական հոսքերը։ Այս ամենի հետևանքով Հայաստանի տնտեսության կառավարումը մենաշնորհային ձևով իրականացնող քաղաքական վերնախավը, որն զբաղված է միայն սեփական բիզնեսներով, նույնպես ֆինանսական զգալի կորուստներ է կրում։ Երկրում վերացել են պետական, տնտեսական, քաղաքական շահ հասկացությունները, ինչը կարող է երկրի համար անդառնալի ծանր հետևանքներ ունենալ։ Փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող երկիրը տնտեսապես դանդաղ մեռնում է։

Այս իրավիճակից ելքը երկրի համար հասունացած կարևոր խնդիրների շուտափույթ լուծումն է։

 

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031