Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ թեմա՝ բազում վերնագրեր. ԵՄԱ ամփոփագիր

Հոկտեմբեր 19,2015 17:32

Հոկտեմբերի 15-ի ՄԻԵԴ-ի վճիռը՝ Փերինչեքի գործով մի տեսակ լիակատար ադեկվատության թեստի  նման մի բան դարձավ հայաստանյան ԶԼՄ-ների համար: Պատճառները ամենատարբեր կարող են լինել: Իսկ պատկերն՝ ահավասիկ:

Քանի դեռ վճիռը չէր կայացվել, տեղական մամուլը այդպես էլ՝առանց ավելորդ զարդարանքների ազդարարում էր՝ «ՄԻԵԴ-ը Փերինչեքի գործով վճիռ կկայացնի հոկտեմբերի 15-ին»: Ամենամեծ «զարդարանքը» այս փուլում, այս թեմայի պարագայում զգուշավոր հարցական նշանն էր՝ «Ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ–ը Փերինչեքի գործով. սպասումները զգուշավոր են»:

Հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռը: Լրատվամիջոցներն առանց դեսուդեն ընկնելու, որքան էլ  զարմանալի է, առանց սենսացիոն արտահայտություններ անելու հենց այդպես էլ գրեցին՝ «ՄԻԵԴ-ը հրապարակեց Փերինչեքի գործով վճիռը»:  Կամ՝ «ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Դողու Փերինչեքի գործով»:

Իհարկե, եղան գնահատողական վերնագրեր, ինչպես օրինակ, «ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի», սակայն ամբողջ հոդվածի շարադրանքը բխում է վերնագրից, կամ ավելի ճիշտ հակառակը՝ վերնագիրը համառոտակի ձևակերպում է հրապարակման բովանդակությունը:

Լրատվամիջոցները հավասարապես ներկայացրին նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակության գոհունակությունը վճռի կապակցությամբ՝ «Փերինչեքի գործով ՀՀ կառավարության պահանջները ՄԻԵԴ-ի կողմից բավարարվեցին. դատախազություն»: Այնուհետև եղան հրապարակումներ՝ հայկական կողմի փաստաբանների գնահատականներով, որոնց կարծիքով, նաև՝ համաձայն վերնագրերի, «ՄԻԵԴ որոշումը «Հաղթանակ է Հայաստանի համար»: Ահա նաև այդ հաղթանակի վերնագիր-բացատրությունը՝  «Փաստաբաններ Ռոբերթսոն և Քլունի. ՄԻԵԴ-ի դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը»:

Գույներն առավել հստակվեցին այս կարգի կանխատեսում-վերնագրերով՝ «Ջեֆրի Ռոբերտսոն. «ՄԻԵԴ վճիռը նշանակում է, որ ցեղասպանության ժխտման համար մարդիկ կարող են դատապարտվել»:

Այնուհետև գալիս են արդեն ամենևին ոչ հաղթական տրամադրությունները՝ «Փերինչեքից քշվածները» կամ «Երբ ազգիդ ողբերգությունը հանում ես տոնավաճառ»:

Սակայն մեր լրատվամիջոցները ոչ միայն տեղեկացնում էին իրենց ընթերցողներին՝ հընթացս վշտացնելով և մխիթարելով նրանց, այլ նաև փորձում էին օգնել նրանց՝ հասկանալ, ի վերջո, ինչու են բոլոր կողմերն իրենց հաղթանակած զգում: Ու հենց այդպես էլ գրում էին՝ «Ինչու՞ են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռից գոհ թե Հայաստանը, թե Փերինչեքը»:

Նույն տրամաբանությունը շարունակում է այս պատմության թերևս ամենախորհրդանշական վերնագիրն՝ իր լուսանկարային և տեքստային պարունակությամբ՝ «Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ ՄԻԵԴ-ը իր պահանջները բավարարել է», որի ներքո հրապարակման լուսանկարում բավարարված ժպտում է… Դողու Փերինչեքը:

Իսկ հրապարակումն էլ սկսվում է՝ «Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղթող ճանաչեց Դողու Փերինչեքին, Հայաստանի կառավարությունը պնդում է, որ իր պահանջները ևս ամբողջությամբ բավարարվել են» լիդով:

Իրոք անսովոր է, որ առանձնացվում և նշվում է այն հանգամանքը, որ այո, գոնե մեկ թեմայի կապակցությամբ մեդիայում կարող են լինել տեղին վերնագրեր, այն էլ ՝ գրեթե համատարած: Իհարկե, ավելի լավ կլիներ՝ այս հանգամանքն ընդհանրապես աչքի չզարներ՝ խիստ սովորական լինելու պատճառով: Եվ ոչ միայն առանձին վերցված մեկ՝ թեկուզ և խիստ կարևոր գործի դեպքում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031