Aravot.am-ը ճանաչված թավջութակահար եւ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում արվեստագետներին տրվող կոչումներին: «Կոչումը վատ բան չէ, ոչ էլ գերնպատակ: Կոպիտ ասած՝ կտան, կտան, չեն տա, չեն տա: Եթե մարդը կայացած է, ինքնաբովանդակ, իր համար կոչում չստանալը ողբերգություն չէ, ոչ էլ ստանալն է աստղային հիվանդություն առաջացնում»,-պատասխանեց արվեստագետը:
Նա մեկ այլ հարցի մասին էլ խոսեց: Արամ Թալալյանը փաստեց, որ հայաստանյան մշակութային կյանքում կատարվել են բաներ, որոնք անհնար է շտկել: Դրանցից մեկն էլ «Հայհամերգի» վերացումն էր: «Հայհամերգը» հավասարաչափ ապահովում էր համերգների կազմակերպումը շրջաններում՝ Սյունիքից մինչեւ Լոռի ու Տավուշ: Դա քանդվել է, մինչդեռ եթե պահվեր, թեկուզ քիչ գումարով, մեծ դժվարությամբ այդ անիվը կաշխատեր ու կապահովեր, այսպես կոչված, պրոդյուսերական գործառույթը: Հիմա շատ բարդ է մարզերում համերգներ կազմակերպելը, ինչի պատճառով մեր «Արս Լունգա» դուետը արտասահման ավելի հաճախ է գնում, քան ՀՀ մարզեր»,-նշեց արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wikipedia.org-ից: