Ոստիկանությունը գործին ընթացք է տվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Վարդան Հարությունյանը պնդում է, որ իրեն զանգահարել եւ սպառնացել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, ինչից հետո նրա հինգ ընկերները եկել են իրենց բակ, ակտիվիստից հետաքրքրվել են՝ «Բա ի՞նչ հարց ես տվել Արծվիկ Մինասյանին» եւ հարվածել: Վարդան Հարությունյանը հայտարարել է, թե հարվածողներին ինքն անձամբ չի ճանաչում։ Ակտիվիստը բակում ընկերների հետ է եղել, վստահ է՝ եթե միայնակ լիներ, միջադեպը հարվածներով չէր ավարտվի։
Վարդան Հարությունյանը Aravot.am-ին հայտնեց, թե այս պահին կողմերի միջեւ կոնֆլիկտ չկա. «Ոստիկանությունը գործին ընթացք է տվել, ես բողոք չեմ ներկայացնելու, որովհետեւ նպատակահարմար չեմ համարում, որ այս պահին բողոք ներկայացվի»:
Ակտիվիստը հավելեց, որ այս ընթացքում չի հանդիպել Գերասիմ Վարդանյանի հետ եւ նրա հետ չի խոսել: Մեր հարցին, եթե Հարությունյանը բողոք չի ներկայացրել, ոստիկանությունը մամուլի հրապարակումների հիման վրա՞ է գործին ընթացք տվել, նա դժվարացավ պատասխանել:
Կարդացեք նաև
«Ես բողոք չունեմ եւ ինչ-որ մեկի պատժին չեմ սպասում: Ես ոստիկանությանը ընթացք չեմ տալիս, որ գործը շարունակի, նպատակահարմար չեմ համարում, որովհետեւ իմ պայքարը ոչ թե Դաշնակցության դեմ է, այլ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի դեմ է»,- հայտարարեց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Չեք անցկացնի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից