Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են երեխաները ներանձնանում և ագրեսիվ դառնում

Հոկտեմբեր 19,2015 17:01

«Վաղ մանկական և անցումային տարիքում գերկապվածությունը համացանցին կարող է շատ լուրջ հոգեկան խնդիրներ առաջ բերել.- ասում է հոգեբան Աննա Բադալյանը,- երեխան ներանձնանում է, նրա համար հաղորդակցումը սահմանափակվում է զուտ համացանցային շփմամբ, և կենդանի, դեմ առ դեմ շփումը գնալով դժվարանում է: Հաճախ վիրտուալ շփման ժամանակ մարդիկ այնքան ակտիվ են, որքան որ պասսիվ են անմիջական շփման դեպքում»:

Հոգեբանի խոսքով՝ երեխաների հոգեբանության վրա ուժեղ ներգործություն են ունենում նաև համակարգչային խաղերը. «Ճիշտ է, դրանցից մի քանիսը երեխաների համար վարժանքներ են, զարգացնում են մտածողությունը, երևակայությունը, բայց պետք է չափավոր լինեն, ծնողների վերահսկողության տակ: Համակարգիչը պետք է ոչ թե անփոխարինելի զբաղմունք լինի, այլ հետաքրքրություններից, զբաղմունքներից մեկը»,- ասում է Ա. Բադալյանը՝ ընդգծելով, որ հոգեկան զարգացման առումով ոչ մի դրական բան չկա ամբողջ օրը համակարգչի առջև նստելու մեջ. «Երեխան պետք է իրական ընկերներ ունենա, խոսի, հաղթի, պարտվի, ընկնի, ռիսկի դիմի: Իսկ երբ այդ ամենն արվում է ընդամենը համակարգչային խաղերի միջոցով, շատ թերի է: Հիմա հաճախ են ասում, որ բակային շփումը կարող է երեխային վնասել, այնտեղից նա կարող է միայն վատը վերցնել, բայց չէ՞ որ մենք էլ ենք ունեցել բակային խաղեր: Իսկ դրանք, հակառակը, մեր մեջ կոլեկտիվիզմ և այլ արժեքներ են դաստիարակել, մենք ունեցել ենք բակային հույզեր, զգացումներ, որոնք ինչ-որ տեղ մեզ կրթել ու դաստիարակել են»,- վստահեցնում է Ա. Բադալյանը:

Նրա խոսքով՝ երեխաների կողմից սիրված շատ մուլտֆիլմեր նրանց մեջ ագրեսիվություն են առաջացնում: Օրինակ՝ «Ռեյնջերներ» մուլտֆիլմը, որտեղ անընդհատ կռիվներ ու բախումներ են, կապույտ և դեղին գույների գերիշխումն էլ իր հերթին է հոգեբանական լուրջ բախում առաջացնում։

Դրական ոչինչ չենք ստանում նաև ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմից. «Իր կամակորության, ագրեսիայի շնորհիվ՝ փոքրիկ այդ աղջնակը կարողանում է բարոյական, հոգեբանական ու ֆիզիոլոգիական առումներով անընդհատ վնասել բարի արջին»,- նշում է Ա. Բադալյանը:

Այսպիսով, ըստ հոգեբանի, ագրեսիան ոչ միայն համակարգչային շատ խաղերում է, այլև մուլտֆիլմերում:

«Սակայն երեխայի մեջ ագրեսիան առաջին հերթին զարգանում է այն դեպքում, երբ նա իր հարազատների, ընտանիքի, շրջապատի կողմից չի ստանում հոգեբանական հույզերի ու ջերմության անհրաժեշտ պաշարը,- ընդգծում է Ա. Բադալյանը.- երեխայի մեջ նեգատիվիզմ է ձևավորվում, նա դեմ է դուրս գալիս իր շրջապատին, իրականությանը, որովհետև ինքն իրեն սիրված չի զգում: Երեխան անպայման պետք է ստանա իր տարիքին համապատասխան հույզերը, որպեսզի ինքն իր ներաշխարհում ներդաշնակ լինի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031