ՀայՖեստ ամենամյա միջազգային թատերական փառատոնին Բրիտանական խորհուրդն այս տարի ներկայացավ Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ: «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակում բեմադրված «Մի լքիր ինձ» և «Կարոտահար» ներկայացումները հանդիսատեսին ներկայացվեցին ՀայՖեստ փառատոնի շրջանակում` ընդգրկվելով փառատոնի հիմնական ծրագրում:
«Մի լքիր ինձ» և «Կարոտահար» ներառական բեմադրությունները հանդիսատեսին ներկայացվեցին հոկտեմբերի երեքին և չորսին Փոքր թատրոնում: Ներկայացումները բեմադրվել էին Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի հետ համատեղ: ՀայՖեստ փառատոնին ներկայացվելուց բացի դրանք ընդգրկվել են նաև Փոքր թատրոնի խաղացանկում:
Ներկայացումներում խաղում են հաշմանդամություն ունեցող և չունեցող դերասանները, որոնք ընդգրկված են նաև Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմանների» ծրագրում:
Այս տարի ՀայՖեստ փառատոնին բրիտանական մասնակցությունը նշանավորվեց նաև Շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնի հյուրախաղերով: Հոկտեմբերի ութին հայ հանդիսատեսին ներկայացվեց «Համլետ» բեմադրությունը: 2014 թվականի ապրիլի 23-ին`Շեքսպիրի ծննդյան 450 ամյակի առթիվ թատրոնը մեկնարկել է հյուրախաղերն այս ներկայացմամբ` նպատակ ունենալով երկու տարվա ընթացքում այցելել աշխարհի բոլոր երկրները: Ներկայացումն արդեն խաղացվել է աշխարհի 120 երկրներում ավելի քանի 100.000 հանդիսատեսի առջև:
Կարդացեք նաև
Ներկայացման ավարտից հետո Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր երեկույթ և ՀայՖեստ փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում փառատոնի մասնակիցները, հայ դերասաններն ու «Գլոբուս» թատրոնի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ ու ստեղծել մասնագիտական կապեր հետագա հնարավոր համագործակցության համար:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ
Լուսանկարը` Զոյա Իգնատովայի