Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին լրագրող գործընկերների հարաբերություններն առանձնապես չեն տուժել: Համենայն դեպս Aravot.am-ի հետ զրույցում երկու երկրների լրագրողները հավաստիացնում են, որ պատերազմը պատերազմ, քարոզչությունը քարոզչություն, բայց գործընկերությունն իր տեղն ունի: Ուկրաինական խոշորագույն «Ինտեր» հեռուստաընկերության լրագրող Օլեկսի Պշեմիսկին միևնույն ժամանակ նկատեց, որ իրենց շատ ռուս գործընկերներ էթիկական լրագրության շրջանակներից դուրս են գալիս:
Չնայած աշխարհաքաղաքական ընտրության, դիրքորոշման թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում լրատվամիջոցներին հիմնականում նույն խնդիրներն են սպառնում: Հիմնականում լրագրողները դժգոհում են խոսքի ազատության սահմանափակումներից:
Թեև ըստ մեր զրուցակցի` այս առումով Ուկրաինայում վերջին մեկուկես տարվա ընթացքում դրական տեղաշարժեր կան. «Համեմատելու չէ այն իրավիճակի հետ, որն ունեինք մեկուկես տարի առաջ: Այժմ կարող ենք հանգիստ քննադատել կառավարությանը, ինչը նախկինում լրատվամիջոցների մեծամասնությանը արգելված էր»:
Ըստ ուկրաինացի լրագրողի` այժմ լուրջ խնդիր է ռազմական գործողությունների լուսաբանման համար համապատասխան մարմիններից թույլտվություն ստանալը, դա բարդ բյուրոկրատական գործընթաց է դարձել: Ուկրաինական լրատվամիջոցների մեծամասնությունը դժգոհ է նաև մամուլի խոսնակների ինստիտուտի աշխատանքից, որոնք իրենց ցանկալի ինֆորմացիայի հրապարակման համար կարող են ասուլիսներ հրավիրել ու հարցազրույցներ կազմակերպել, սակայն պարզաբանումների համար լրագրողները ստիպված են իրենք «բռնացնել» չինովնիկներին:
Կարդացեք նաև
Վերջին տարվա ընթացքում Ուկրաինայում աճել է հեռուստաընկերությունների թիվը: Օլեկսի Պշեմիսկին այս առիթով մանրամասնեց. «Հիմա ունենք հեռուստաընկերությունների բազմազանություն` այսպես կոչված հիմնական ալիքներ, որոնք ունեն մեծ լսարան, ընդդիմության ալիքներ, որոնք այնքան էլ մեծ լսարան չունեն և ինչպես հետխորհրդային երկրներում է ընդունված անվանել օլիգարխների մասնավոր ալիքներ»:
Ուկրաինայում ընդդիմությանը սպասարկող լրատվամիջոցները հիմնականում էլեկտրոնայիններն են, կան նաև ինտերնետ հեռուստատեսության հաջողված նախագծեր:
Ըստ Օլեկսի Պշեմիսկիի` ինտերնետային լրատվամիջոցների շրջանում գրաքննություն չկա, սակայն դրանց լսարանն էլ առանձնապես մեծ չէ: Ուկրաինացի լրագրողը նաև հավաստիացրեց, որ իրենց և ռուս գործընկերների միջև թշնամություն չկա, բայց նաև նշեց. «Իհարկե ունեք շատ ռուս գործընկերներ, որոնք իրենց էթիկական լրագրության սահմաններում չպահեցին: Իհարկե, իրավիճակը կոնֆլիկտային էր, բայց միևնույն է, ոչ էթիկական լրագրությունն անթույլատրելի է»:
Ռուսական «Վեդոմոստի» թերթի լրագրող Անաստասիա Կորնյան մեզ հետ զրույցում հայտնեց, թե ռուսաստանյան ԶԼՄ-ներին սպառնացող խնդիրները գրեթե նույնն են, ինչ այլ երկրներում. դրանք մասնավորապես կապված են մամուլի ազատության սահմանափակումների հետ:
Լրագրողը պատմեց, որ այդ սահմանափակումների ազդեցության ներքո լրատվամիջոցները հաճախ ոչ թե գրում են, թե 12-ամյա աղջիկն իրեն նետել է պատուհանից և մահացել, այլ գրում են, թե 12-ամյա աղջիկը կատարել է այն, ինչի մասին արգելվում է խոսել օրենքի` անչափահասների մասին տեղեկություններ հաղորդելու դրույթով:
Լրատվամիջոցների դեմ ճնշումները Ռուսաստանում իրականացվում են տարբեր կերպ. վարչական լծակներով, տուգանքներով: Ըստ լրագրողի` տուգանքի չափերն էլ բավականին բարձր են: Ազատ մամուլի դեմ ճնշում է նաև այն, որ ՌԴ-ում նոր ընդունված օրենքի համաձայն` արտասահմանցի սեփականատերը չի կարող տիրել տվյալ լրատվամիջոցի 30 տոկոս մասնաբաժնից ավելիին, ինչի արդյունքում վերջերս «Ֆորբսը« վաճառվել է ռուս սեփականատիրոջ:
Հետաքրքրվեցինք` իսկ ընդհանրապես ընդդիմադիր կոչվող լրատվամիջոցներ գոյություն ունե՞ն: Լրագրողը ծիծաղով պատասխանեց` թե ո՞ւր է Ռուսաստանում ընդդիմություն, որ ընդդիմադիր լրատվամիջոցներ էլ լինեն: Սակայն Անաստասիան այնուամենայնիվ թվարկեց մի քանի անկախ լրատվամիջոցների անուններ` օրինակ` «Վեդոմոստին», «Դոժդ» հեռուստաընկերությունը:
Վերջում ռուս լրագրողն ասաց. «Իհարկե, կառավարական լրատվամիջոցները ստիպված են զբաղվել քարոզչությամբ, քանի որ նրանք նման քաղաքականության են ենթարկվում, սակայն ինչպես արդեն նշեցի, կան նաև հավասարակշռված լրատվամիջոցներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ