Այսօր ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ «ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի» դատական գործով (նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան) հերթական դատական նիստը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Գայանե Առուստամյանին՝ ՀՀ ոստիկանության ծառայողին վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ ներկայացված հայցի դեմ ամբողջությամբ առարկում են և ներկայացրել միջնորդություն սույն դատական գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան՝ որոշելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172/3 հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար:
Այսօրվա նիստին ՀՀ վարչական դատարանը մերժեց նշված միջնորդությունը: Պատասխանողի ներկայացուցիչը դատարանից ժամանակ խնդրեց, որպեսզի ներկայացնի հակընդդեմ հայց: Դատարանն այս միջնորդությունը բավարարեց: Պատասխանող կողմին տրամադրվեց 10 աշխատանքային օր ժամկետ`հակընդդեմ հայց ներկայացնելու համար: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նախնական դատական նիստի օրվա և ժամի մասին դատարանը կողմերին նախօրոք կտեղեկացնի:
Aavot.am-ը Տաթևիկ Սիրադեղյանից հետաքրքրվեց`արդյոք իրավաչա՞փ էր դատարանի որոշումը: Նա զերծ մնաց խիստ գնահատականներ հնչեցնելուց, պարզապես ներկայացրեց իր մտահոգությունը, թե իրենք այնուամենայնիվ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր տեսնում են: Այնուհետև մանրամասնեց. «Դատարանի կողմնապահության կամ անկողմնապահության մասին խոսելը վաղ է, դա ամբողջ դատաքննությունը ցույց կտա: Այս պահին հասկացա, որ դատարանը ՍԴ դիմելու հիմքեր չի տեսնում: Բայց մենք այդ հիմքերը տեսնում ենք: Մասնավորապես ՀՀ Սահմանադրությունը պաշտպանում է անձին պետության ցանկացած ոտնձգությունից, նաև պատվի և արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից, իսկ տվյալ դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածը նախատեսում է պետության ներկայացուցչի պաշտպանությունը, ուստի գտնում ենք, որ այն հակասահմանադրական է, քանի որ ոչ թե անձի, այլ պետության իրավունքն է պաշտպանում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ