Սիրտ-անոթային հիվանդություններն աշնանը սրվում են, հիմնական պատճառը ջերմաստիճանի նվազումն է: Այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա Օրդյանը:
Որպեսզի օրգանիզմը կարողանա դիմադրել եղանակային փոփոխությանը, մասնագետը հորդորեց պարտադիր այցելել բժշկին, խորհրդատվություն ստանալ՝ ինչպես վարվել աշնանը, ինչ քանակությամբ ավելացնել դեղահաբերի քանակը:
Այս շրջանում գրիպներից ու սուր ռեսպիրատոր հիվանդություններից խուսափելու համար, որպեսզի սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների վիճակն է՛լ ավելի չվատանա, բժիշկը խորհուրդ տվեց տաք հագնվել, քամոտ ու ցուրտ եղանակին ծանր ֆիզիկական աշխատանքից եւ էմոցիոնալ սթրեսներից խուսափել, տանից առանց լուրջ պատճառի դուրս չգալ:
Մանրամասն՝ տեսանյութում
Բժշկի խոսքերով՝ աշնանային սեզոնին ինսուլտների եւ ինֆարկտների թիվը կտրուկ ավելանում է, ուստի մասնագետը կրկին խորհուրդ տվեց անպայման դիմել բժշկի:
Տիկին Օրդյանի ներկայացմամբ՝ եթե 20 տարի առաջ 42 տարեկան անձի մոտ սրտի կաթված էր լինում, մասնագետները զարմանում էին, հիմա, ինչպես մի շարք հիվանդությունները, այնպես էլ սրտի ինֆարկտը երիտասարդացել է, 25-30 տարեկանների շրջանում էլ են արձանագրվում ինֆարկտներ:
Ինչպես տարբերել, թե կրծքավանդակի ցավերն ինչի մասին են խոսում, բժշկի խոսքերը՝ տեսանյութում
Մասնագետն ասաց, որ սոցփաթեթների շնորհիվ շատ հիվանդներ կարողանում են պետպատվերով բուժում ստանալ, վիրահատվել, սակայն, օրինակ մարզերում, երբ հաճախ գյուղացիները սոցփաթեթներից օգտվելու հնարավորություն չունեն, խնդրի առաջ են կանգնում: Հատկապես, որ մարզերի պոլիկլինիկաներում նեղ մասնագետների պակաս կա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ