«Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ առանց միջին մասնագիտական կրթության ոլորտի որակյալ կրթական ծրագրերի անհնար է պատկերացնել մեր երկրի իրական տնտեսական զարգացումը»:
Այս մասին այսօր՝ «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա դիտարկմամբ՝ երկար տարիներ միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատված է եղել. «Ոլորտի վերակենդանացումն սկսվել է 2007-2008 թթ.՝ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շնորհիվ, որին միացան մի շարք խոշոր միջազգային կառույցներ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ այս զարգացումը դժվար կլիներ առանց միջազգային կառույցների աջակցության:
«Այս առումով «Համաշխարհային հմտություններ» մրցույթը մեզ համար հերթական հանգրվանն է,- նշեց Ա. Աշոտյանը,- և ես ուրախ եմ, որ մեր ազգային թիմն այս տարի մասնակցեց Բրազիլիայում անցկացված մրցույթին, որի նպատակը մասնակիցների ֆիզիկական մասնակցությունը չէր, այլ այդ կազմակերպությունում մեր երկրի ներկայացվածությունն ու հավակնությունները՝ անդամության առումով ավելի բարձր մակարդակ տեղափոխելը»:
Կարդացեք նաև
Կրթության և գիտության նախարարը նշեց, որ ոլորտում մեծ ակնկալիքներ ունեն նաև մասնավոր հատվածից, առանց որի, ըստ նրա, չի կայանա ոչ միայն «Համաշխարհային հմտություններ» շարժումը, այլև ՄԿՈւ ոլորտն առհասարակ:
«Մասնավոր հատվածից մեր իրական ակնկալիքները ներդրումներն են,- հստակեցրեց Ա. Աշոտյանը.- իրականում կրթության ոլորտը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է: Մասնավոր հատվածի մասնակցությամբ յուրաքանչյուր ծրագիր ամենալավ ներդրումն է մարդկային կապիտալի զարգացման, ավելի լավ տնտեսության և հասարակության հեռանկար ունենալու գործում: Այնպես որ, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության դաշտը միջազգային կառույցների և մասնավոր հատվածի հետ՝ ապահովելով ոլորտի եթե ոչ սրընթաց, ապա հետևողական զարգացումը»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ